Իշխանության արդյունավետ եւ ռացիոնալ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական համակարգում իր ծանրակշիռ դերակատարումն ունենա նաեւ ընդդիմությունը: Ընդ որում, այսօր երկրում ստեղծված իրավիճակը ոչ օրդինար է, որովհետեւ դժվար է ասել կամ, ավելի ճիշտ, խիստ վերապահումով կարելի է ասել՝ արդյո՞ք խորհրդարանում լինելու է իրապես գաղափարական ու արմատական ընդդիմություն, թե ոչ:
Քաղաքական ընդդիմության գոյությունը ոչ միայն եւ ոչ այնքան անհրաժեշտ է օրվա իշխանությանը, որքան ու մեծամասամբ երկրին, չնայած իմաստուն իշխանությունն՝ ի դեմս ուժեղ ընդդիմության, տեսնում է բարեկամի ու խորհրդատուի, անաչառ ու հնարավորինս օբյեկտիվ դիտորդի, ով մատնանշում է իշխանության սխալները եւ իր քննադատությամբ փորձում ամուր պահել նրա դիրքերն արտաքին ճակատում:
Ընդունելի է, որ ընդդիմությունն առհասարակ չի կարող լինել միակ, միատարր կամ բացառիկ, որովհետեւ յուրաքանչյուր ուժ կամ քաղաքական գործիչ յուրովի է պատկերացնում ընդդիմադիրի կերպարը, սակայն մյուս կողմից միայն ժամանակն ու քաղաքական զարգացումներն իրապես կարտացոլեն, թե որ քաղաքական կուսակցությունն է ընդդիմություն, որտեղ եւ ինչ հարցերում է հակադիր իշխանության հետ եւ ամենակարեւորը՝ ընդդիմադիր քաղաքական կեցվածքի ու գործունեության ինչպիսի նշաձող է իր համար սահմանում՝ արմատական-կառուցողական-ռադիկալ-ծայրահեղական, իրատես-կոմֆորմիստ, թե՞ մեկ այլ սոցիալ-հոգեբանական եւ քաղաքական սկզբունքային կողմնորոշիչներով:
Արդյո՞ք որեւէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ հանդես է գալու իշխանության կադրային քաղաքականության վերանայման պահանջով կամ, օրինակ, սոցիալ-տնտեսական ռազմավարության հայեցակարգ մշակելու հրամայականով կամ քաղաքական կառավարումն ավելի արդյունավետ ու ներառական դարձնելու ցանկությամբ: Սրանք կարեւոր, անկյունաքարային հարցեր են, որոնց պատասխանը, միանշանակ, տալու է ժամանակը:
Հանրության իրավագիտակցության եւ քաղաքական հասունության աստիճանից է կախված նաեւ այն, թե որ ուժը կամ գործիչն է մարդկանց գիտակցության մեջ «նստած» որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ կուսակցություն: