Պարզվում է, որ կամուրջները կարելի է օգտագործել ոչ միայն որպես մի ափից մյուսը տեղափոխվելու միջոց, այլ նաև որպես բնակարան։ Աշխարհում գոյություն ունեն բնակելի կամուրջներ, որտեղ մարդիկ հաճույքով բնակվում են։
Պոնտե Վեկոյի կամուրջը Իտալիայում
Պոնտե Վեկոյի կամուրջը Ֆլորենցիայի ամենահին կամուրջներից է։ Համարվում է, որ այս կամուրջը կառուցվել է Հին Հռոմի ժամանակաշրջանում։ Ժամանակակից Պոնտե Վեկոն վերակառուցել են 1345 թվականին, այն ջրհեղեղի պատճառով քանդվել էր։ Կամուրջի վրա կառուցել են տներ։ Այս տեսակ կամուրջները մեծ տարածում են ունեցել միջնադարում։
Կրեմբրյուկեյի կամուրջը Գերմանիայում
Այս կամուրջը գտնվում է Թյուրինգայի մայրաքաղաք Էրֆուրտում։ Կամրջի երկու կողմերում էլ բնակելի տներ են կառուցված։ Այս կամուրջն իրար է միացնում Բենեդիկտի և Վենիգեմարկտի հրապարակները։
Հիմա կամրջի 32 շինություններից մնացել են հիմնականում խանութները և կրպակները։ Բոլոր շինությունները, բացի 15, 20, 24 և 33 համարի տներից, քաղաքապետարանի սեփականությունն են։ Քաղաքի իշխանությունները հատուկ ֆոնդ ունեն այս շինությունները պահպանելու համար։
Պոն դե Ռոգան, Ֆրանսիա
Պոն դե Ռոգանը կամ Ռոգանը բնակելի կամուրջ է, որը գտնվում է Լանդերնո կոմունայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Այս կամուրջն անցնում է Էլորն գետի վրայով։ Այն կառուցվել է 1336 թվականին և վերականգնվել է 1510-ին։ Սկզբում այստեղ եղել է երկու խանութ, ջրաղաց և բանտ։
Հիմա այստեղ երկու շարքով բնակարաններ են գտնվում, և այն համարվում է Լանդերնոյի տեսարժան վայրերից մեկը։
Առևտրականների կամուրջը Ֆրանսիայում
Առևտրականների կամուրջը պատմական կամուրջ է Նաբրոնա քաղաքում։ Այն մի շարք բնակարանների և խանութների հիմք է հանդիսանում։ Այս կամուրջն ունի 15 մ երկարություն։
Հռոմեական ժամանակաշրջանում այն 6 կամարից բաղկացած շինություն էր։ Առաջ կամրջի տակով ապրանքներ էին փոխադրում, իսկ հիմա այն իրենից ներկայացնում է առևտրական փողոց՝ խանութով։
Պալնիի կամուրջը Մեծ Բրիտանիայում
Պալնիի կամուրջը հատում է Բալի քաղաքում գտնվող Էյվոն գետը։ Նրա շինարարությունը վերջացել է 1773 թվականին։ Այն համարվում է 1-ին կարգի «անգլիական ժառանգություն»։ Կամուրջը կառուցվել է շոտլանդացի ճարտարապետ Ռոբերտ Ադամի կողմից։
Այն համարվում է աշխարհի այն 4 կամուրջներից մեկը, որի ամբողջ երկայնքով երկու կողմից էլ խանութներ են կառուցված։ Այստեղ կարելի է գտնել ծաղկի խանութներ, հին քարտեզների խանութ և այլն։