Fashion Drug-ի հիմնադիր Անահիտ Ղազարյանը օրերս ոչ ստանդարտ բարեգործական նախաձեռնություն էր կազմակերպել՝ հավաքելով տարբեր ոլորտների կանանց: Նրանցից յուրաքանչյուրը, ոգեշնչվելով Շառլ Ազնավուրի գործունեությամբ ու ստեղծագործություններով, պետք է շապիկ նկարազարդեր: Գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ Անահիտը գտնվում էր Փարիզում, որտեղ լսեց Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Ես շատ ազդվել էի այդ լուրը լսելուց հետո: Հիշում եմ՝ նախորդ օրը զրուցում էինք Ֆրանսիայում ապրող հայերի մասին և հիշատակում, որ Շառլը մեր ժամանակների լեգենդներից է: Նա մեծ մարդասեր է եղել և օգնել է մարդկանց՝ անկախ ամեն ինչից, դրա համար էլ որոշեցի անել այս նախագիծը: Պատասխանատվությունն այնքան մեծ էր, որ պետք է ամեն ինչ իդեալական լիներ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անահիտը:

Երևան վերադառնալուց հետո Անահիտն իր շուրջը համախմբեց իր ընկերներին և գործընկերներին: Մեծ հային նվիրված բարեգործական երեկոյի ընթացքում վաճառքի հանվեցին այդ շապիկները, որոնցից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ երեխաներին պարգևելով Ամանորի տրամադրություն և ժպիտներ. «Բոլորին շատ դուր եկավ այս գաղափարը, և հաճույքով միացան: Ի դեպ, բավականին գումար է հավաքվել։ Իհարկե, դեռ դժվար է նշել քանակը, քանի որ մինչև հիմա զանգահարում են և ցանկանում են պատվիրել շապիկներից: Չէի պատկերացնում, որ նախագիծն այդքան մեծ արձագանք կունենա։ Այն մարդիկ, ովքեր մի օրինակ գնել էին, երկրորդը, երրորդն էին ուզում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել