2017 թվականի աշնանը մեկնարկեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք-ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագիրը։

Մի քանի փուլից բաղկացած ծրագրի առանցքային նպատակը մանկաբույժ-ծնող կապն ամրապնդելն էր, սակայն ոչ թե մանկաբույժներին մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ փոխանցելու, այլ մոտիվացման, կոնֆլիկտների կառավարման, ժամանակի գրագետ պլանավորման և ինքնախրախուսման եղանակների ուսուցման ճանապարհով։

ՅՈւՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյան

- Մանկաբույժի և ծնողի կապը հատկապես ակտիվ է երեխայի կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում, իսկ հետո գալիս են նոր փոքրիկներ, ու այսպես անդադար։ Ստացվում է, որ մի մանկաբույժն իր կարիերայի ընթացքում հասցնում է մի քանի սերունդ մեծացնել, իսկ ժամանակը հետ չի գնում, մարդիկ չեն երիտասարդանում, ուստի որոշում եղավ կազմել սեմինար-դասախոսությունների ծրագիր, որի օգնությամբ մեկ օրում մանկաբույժներին կփոխանցեինք այնպիսի ինֆորմացիա, որը գրված չէ բժշկական գրականության մեջ, այն է՝ ինչպես կառուցել փոխվստահության մթնոլորտ երեխայի ծնողների հետ, ինչպես գրագետ կառավարել ժամանակը, որպեսզի այն բավականացնի նաև սեփական կյանքի, անձնային աճի համար, ինչպես կառավարել սեփական հույզերն ու ծնողներին բերել հավասարակշռված ու արդյունավետ հարաբերությունների դաշտ։ Այստեղից էլ՝ ծրագրի անվանումը։

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյան

- Մանկաբույժը մեկն է՝ պացիենտները (երեխաների ծնողները)՝ շատ, ու նրանցից յուրաքանչյուրն ուզում է լինել լսված, կարևորված, և մանկաբույժի խնդիրն է արժանի ուշադրություն մատուցել յուրաքանչյուրին։ Մանկաբույժի գործն ինքնին սթրեսային է․ կենտրոնում երեխայի առողջությունն է, կյանքն է, սակայն շատ հաճախ մասնագետն, իր գործը թողած, «այլ հարցեր է լուծում»։ Օրինակ՝ երբ բժշկի դուռն առանց թակելու, պահանջատիրական հնչերանգով, բացահայտ ագրեսիայով կաբինետ են մտնում քաղաքացիներ ու ստիպում «հենց հիմա սպասարկել» իրենց, կամ երբ մասնագետը բախվում է ծնողների բացարձակ անտեղյակությանը, անտարբերության պատերին։ Այս ամենով հանդերձ լինել բարեկիրթ, ժպտալ, զսպել զգացմունքները երբեմն շատ դժվար է։

Ծրագրի շրջանակում անցնող մեկ տարվա ընթացքում սեմինարներ են եղել հանրապետության բոլոր մարզերում, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 15-ին Երևանում։

Սեմինարին մասնակցել է 250-ից ավելի մանկաբույժ՝ հանրապետության 31 համայնքից։ Հանդիպումները բաժանված են եղել պայմանական 2 հատվածի։ Առաջին հատվածում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը մանկաբույժներին ներկայացրել է ծրագրի աշխատանքային թիմի կողմից իրականացված ծնողների հարցման արդյունքները։  Հարցումներն իրականացվել են 35 կետից բաղկացած թեստերի օգնությամբ։ Թեստերն ընդգրկում են երեխայի խնամքի, աճի ու զարգացման հիմնարար թեմաները։ Յուրաքանչյուր մարզի երեքական համայնքներում ծնողները լրացրել են հարցաշարերը, որոնցից դուրս են բերվել ամենամեծ թվով սխալ պատասխաններ ստացած հարցերն, ու տոկոսային որոշակի պատկեր է ստացվել։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայան

- Ես ներկայացնում էի տվյալ մարզի 3 համայնքում արձանագրված «խոցելի» հարցերն, ու փորձում էինք մանկաբույժների հետ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ այդքան թվով երիտասարդ ծնողներ սխալ են պատասխանել այս կամ այն հարցին։ Օգնում էի թարմացնել մասնագետների գիտելիքներն այդ թեմաների վերաբերյալ ու հորդորում այսուհետ ավելի ուշադիր լինել և իրազեկել ծնողներին հանգամանորեն ու մատչելի։

Սեմինարի երկրորդ հատվածը վարել են քոուչ Արևիկ Հայրապետյանն ու «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյանը:

Արևիկ Հայրապետյան

- Աշխատանքը մանկաբույժների հետ յուրատեսակ փորձ էր ինձ համար։ Նրանք գերզբաղված աշխատանքային առօրյա ունեն, բայց չհանդիպեց մեկն, ով գոնե հասարակ նոթատետր է վարում օրվա կամ շաբաթվա անելիքները պլանավորելու համար, ուստի մենք առանձին բաժնով խոսեցինք ժամանակի կառավարման ոչ խորամանկ մի քանի գործիքների մասին։ Մյուս բացահայտումս նրանց աշխատանքի սթրեսայնությանն էր վերաբերում։ Փորձել եմ հնարավորինս մատչելի եղանակով մի քանի գործիք առաջարկել՝ վստահ եմ, որ կիրառելով դրանք՝ մեր մանկաբույժները կկարողանան չտրվել նեգատիվ լիցքերի հոսանքին, ինչը կօգնի հաճույք ստանալ աշխատանքից ու կբարձրացնի նրանց աշխատանքի արդյունավետությունը։

Գոռ Պետրոսյան

- Մենք գիտենք, որ հայ կանայք որոշակի տարիքից սկսած հակված են իրենց ԵՍ-ը՝ պահանջմունքները, կարիքները, ցանկությունները պահել մեծ կողպեքով ճամպրուկի մեջ ու նվիրվել ընտանիքին ու գործին։ Ուրախ եմ, որ սեմինարի մասնակից կանայք անմիջապես համաձայնում էին իմ այն դիտարկմանը, որ, անդադար ապրելով ուրիշի համար, մարդն անխուսափելիորեն վատնում է իր ուժերն ու իմացական պաշարը և որոշ ժամանակ հետո ուղղակի վերածվում է ֆիզիկապես ու բարոյապես հոգնած, միշտ տրտնջացող, ինքն իրեն ու շրջապատին անհետաքրքիր մարդու։ Իբրև ընկեր, ոմանց համար իբրև որդի, իսկ մյուսների համար՝ թոռ (հաշվի առնելով իմ ու մասնակիցների տարիքային տարբերությունները)՝ ես կոչ էի անում՝ ՀԻՇԵ՛Ք սեփական գոյության մասին, տրամադրե՛ք ժամանակ ու միջոցներ ձեր ԵՍ-ին, լցվեք նոր զգացողություններով, նոր ինֆորմացիայով, նոր տպավորություններով, որպեսզի ինքներդ ձեզ լինեք հաճելի ու աշխարհին էլ տալու բան ունենաս։

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյան

- Գրեթե բոլոր սեմինարների ընթացքում տեսնում էինք մասնակիցների վարքի ու արձագանքի նույն դինամիկան․ գալիս էին դժկամությամբ՝ ասելով, թե շաբաթ օրով կտրել ենք գործերից, ու որ հոգնել են սեմինարներից, իսկ հեռանում էին խանդավառված՝ խնդրելով կրկնել այսօրինակ հանդիպումները, կշտամբելով, թե ինչու 20, 30 տարի առաջ իրենց չի ասվել այն, ինչ ասվեց այս սեմինարի ընթացքում։

Դեկտեմբերի 15-ին Երևանի մի խումբ մանկաբույժների համար նույն բովանդակությամբ իրականացված սեմինարը վերջինն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել