«Ես բախտ չունեմ, ոչ մի բան իմ ուզածով չի լինում, սուտ է, որ ասում են՝ ինչ ուզես, այն էլ քո կյանքում կկատարվի»:
Այսպես ես էլ եմ մտածել, ձեզնից շատերն էլ: Այո, առաջին հայացքից այդպես է: Բայց, եկեք դատենք այսպես: Ենթադրենք՝ դուք մի բան ուզում եք, բարձրաձայնում եք, դիմում եք Նրան, ով պիտի այդ խնդրանքն իրականություն դարձնի: Ընդհանուր ասում եմ Նա, հավատացյալ եք` անվանեք Աստված, հավատացյալ չեք` Տիեզերք, Բնություն և այլն, կարևոր չի: Ինչևէ, դիմեցիք, ասացիք՝ ինչ եք ուզում: Հետո՞, ո՞նց եք պահում ձեզ հետո: Եթե ուշադիր լինենք, մենք ոչնչով չենք տարբերվում այն կամակոր երեխայից, որ մայրիկին խնդրում է տորթիկ թխել, բայց չի թողնում, որ նա տեղից վեր կենա ու հասնի խոհանոց, անընդհատ մոր փեշը քաշքշում է ու կրկնում. «Տորթիկ եմ ուզում, տորթիկ եմ ուզում»: Ցանկության ձևակերպումից հետո պիտի որոշ ժամանակ անցնի, մինչև այն, համաձայն նյութական օրենքների, իրականություն դառնա: Ի՞նչ եք կարծում, աղջիկը, որ միանգամից երեխա ունենա, առանց հղիության ամիսներն ապրելու, կկարողանա՞ մայր դառնալ: Չէ՞ որ նա պիտի ժամանակի ընթացքում այնպիսի միայն իրեն հատուկ ապրումներ ունենա, որ հետո քնի մեջ անգամ զգա իր զավակին: Ինչևէ, անհամբերությունն առաջին խանգարող հանգամանքն է:
Հաջորդը` ցանկության անհստակությունը: Եթե մտնում եք խանութ և չգիտեք, թե կոնկրետ ինչ եք գնելու, կամ ոչինչ չեք գնի, կամ էլ կգնեք մի անպետք իր, որը հետագայում դեն կնետեք ու կհիասթափվեք խանութ գնալու գաղափարից: Բայց այս դեպքում, ներեցեք, ո՞վ է մեղավոր, խանո՞ւթը, թե՞ դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ լսել ու ձևակերպել ցանկությունը: Եթե մտնում ես սրճարան, պատվիրում ես այն, ինչ ուզում ես, ոչ թե մատուցողին ասում` դե մի բան բերեք: Նույնն էլ ցանկություններն ու կյանքից սպասելիքներն են: Մարդու համար երբեմն ամենադժվար հարցը ինքն իր հետ անկեղծ լինելն ու իրեն լսելն է: Մենք ավելի հաճախ մեր իրական ցանկությունների փոխարեն կյանքից սպասում ենք հասարակության կողմից պարտադրված կաղապարներով խճողված մի չգիտեմինչ: Հետո չգիտեմինչ էլ ստանում ենք ու բնականաբար դժգոհ ենք մնում, քանի որ կյանքը չի կարող մեր փոխարեն լսել մեր սրտին և ցանկություն ձևակերպել մեզ համար:
Հաջորդ կարևոր հարցն այն է, որ մենք ուզում ենք, բայց չենք տարբերակում, որ ուզելը կարող է լինել երկու տեսակի, ուզենալ, որ ինչ-որ բան լինի և ուզենալ, որ ինչ-որ բան Չլինի: Այստեղ կա մի պարադոքս, որը շատերը չեն պատկերացնում: Երբեք պետք չէ ասել՝ ինչ չես ուզում, այլ ասել` ինչ ես ուզում: Օրինակ՝ չի կարելի մեկին մաղթել` երբեք Չհիվանդանաս, պետք է ասել` միշտ առողջ եղիր, պետք չի ասել փողի պակասություն Չունենաս, այլ` փող շատ ունենաս: Նուրբ աշխարհի համար չկա բացասող ցանկություն, նրա համար կարևոր չի՝ դու դա ինչ իմաստով ես ասում, հեգնելով, թե կատակով: Նա հումորի զգացում չունի, այդ Չ-ն չի ընկալում, ինչ ասվում է, այն էլ տեղի է ունենում: Սրանք առաջին հայացքից աննկատ բաներ են, որոնք սակայն նուրբ աշխարհում շատ կարևոր են: Ի վերջո, ոչ մեկը չի հերքի արդեն, որ նուրբ ոլորտներն են կառավարում այս նյութական աշխարհը: Նշանակում է, երբ նուրբ աշխարհին դիմում ես խնդրանքով, պետք է հասկանալի լեզվով դիմես: Նա մեր բարդույթավորված, ամաչկոտ ու կաղապարված մտքերն ու լեզուն չի ընկալում ;)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/564289096927705
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել