Ժողովուրդ ջան, 15 տարի շարունակ շատերը հարցնում էին, թե ինչու է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում ռուսերեն լեզվով: Ես երևի 1000 անգամ պատասխանել եմ այդ հարցին: Իրականում, ի սկզբանե, մենք մի խնդիր էինք լուծում` ունենալ հայ գիտակներ մոսկովյան էլիտար ակումբում, որտեղ ժամանակին կային բազմաթիվ ադրբեջանցիներ, և չկար ոչ մի հայ գիտակ: Իսկ այդ հեռուստատեսության լսարանը մոտ կես միլիարդ մարդ է: Ու թեև իմ պատասխանը շատերը չէին էլ լսում և գրում էին այն, ինչ ուզում էին գրել, մենք շարունակում էինք մեր աշխատանքը: Ի դեպ, արդեն շատ վաղուց արտամրցութային խաղերը, որտեղ ոչ պրոֆեսիոնալ գիտակներն էին խաղում, իրականացվում էին հայերեն լեզվով:
Երեկ կառավարությունը որոշեց, որ շարունակելու է ֆինանսավորել մեր հեռուստանախագիծը: Նախ՝ իմ, գիտակների և հարյուր հազարավոր հեռուստադիտողների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ փաստի համար կառավարությանն ու ԿԳ նախարարությանը և երկրորդ` ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ 2019թ-ից մենք, համարելով մեր միսիան կատարված (մեր գիտակներին արդեն ճանաչում են միջազգային հարթակներում), անցնում ենք ՀԱՅԵՐԵՆԻ: Այսուհետ բոլոր խաղերը կհեռարձակվեն հայերեն լեզվով:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երկար ու ձիգ տարիներ կանգնած են եղել ինտելեկտուալ շարժման կողքին, ովքեր դեռ 10-15 տարի առաջ հավատացել են, որ նախագիծը ոչ միայն կկայանա, այլև կդառնա ամենասիրված և սպասված հաղորդումներից մեկը Հայաստանում:
ՀԳ. Միանգամից ասեմ, որ մինչև հունվարի 13-ը եթեր են հեռարձակվելու 2018թ․ ձմեռային եթերաշրջանի խաղերը, որոնք նկարահանվել են նոյեմբերին և, բնականաբար, ռուսերեն լեզվով են:
Առայժմ այսքանը...