ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ ակնկալում է Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության հաստատումը, որին կհաջորդի Հայաստանում նրա առաքելության մեկնարկը:

Նշենք, որ ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը նշանակվել էր այս պաշտոնում 2015 թվականի փետրվարին: Երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպաններն առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում՝ Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

Ավելի վաղ իր հայտարարություններից մեկում Լին Թրեյսին ասել էր, որ Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.

«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, եւ մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ:

Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձեւավորված հասարակությունը կարեւոր դեր խաղաց անցած իրադարձություններում, և անկախ լրատվամիջոցների աջակցություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել