Ավստրալիայի բնակիչ Դեն Սանդերսը, բանտից դուրս գալով, գտել է բանկոմատին «խաբելու» միջոցով գումար հանելու եղանակ և կարողացել է շքեղ կյանք վարել մի քանի ամիս՝ գրում է The West Australian-ը։

2011թ. Վիկտորիա նահանգի բնակիչը գիշերով փորձել է քարտից 200 ավստրալական դոլար փոխանցել իր բանկային հաշվին, որպեսզի հետո հանի այն: Բանկոմատի էկրանին հայտնվել է հաղորդագրություն, որ գործարքը ձախողվել է, սակայն կանխիկ գումարը տրվել է։

Սանդերսը, հետաքրքրությունից վառված, որոշել այլ բանկոմատներից ևս փորձել նույն գործարքը, և նորից բանկոմատը նրան գումար է տրամադրել՝ առանց գրանցելու գործարքը։ Ավելի ուշ նա հասկացել է, որ գիշերները բանկոմատները գտնվում են տեխսպասարկման վիճակում և առանց գործարքները գրանցելու գումար են տրամադրում։

Մոտ չորս ամիս շարունակ տղամարդը այդ եղանակով ծախսել է 1,6 միլիոն ավստրալական դոլար։ Նա ճաշել է ամենաթանկ ռեստորաններում, ամեն գիշեր բարերում խմիչք է հյուրասիրել անծանոթներին, կազինոներ է հաճախել, նույնիսկ ինքնաթիռ է վարձակալել, որպեսզի նրանով կղզիներ մեկնի՝ ընկերների մոտ։ «Բավականին արագ ես վարժվում այն բանին, որ ոչ մի տեղից գումար ես վերցնում և կարող ես այն անվերջ ծախսել»,- խոստովանել է տղամարդը։

Որոշ ժամանակ անց նրան սկսել է տարօրինակ թվալ, որ իրեն չեն բռնում։ Ի վերջո նա որոշել է կանգ առնել՝ հասկանալով, որ չի ուզում դառնալ միջազգային հանցագործ և ստիպված լինել ապրել ընդհատակում։ Որոշել է և ինքնակամ դիմել բանկին։

Նրան դատապարտել են մեկ տարվա ազատազրկման գողության և խաբեության համար։ Այժմ նա ազատ է արձակվել և վերադարձել իր աշխատանքին ռեստորանում։ Նա խոստովանել է, որ այլևս երբեք չի փորձել նման եղանակով խաբել բանկոմատին և գումար կորզել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել