Hraparak.am-ը գրում է.

Օրերս թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ ։ Իսկ 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին նա ԶԼՄ-ներին ասել է, որ հայկական կողմը լիովին կատարել է իր հանձնառությունը եւ նույնն ակնկալում էր Թուրքիայից։ Արտգործնախարարը հատուկ շեշտել էր, որ այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են։

«Հայ-թուրքական հարաբերություններն ունեն սեփական տրամաբանությունը, եւ այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում»,- ասել էր արտգործնախարարը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել այն միտքը, թե ՀՀ-ն պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերություններն՝ առանց նախապայմանների։ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանից հետաքրքրվեցինք, թե այսօրվա Թուրքիան պատրա՞ստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ առանց նախապայմանների։

«Այն խնդիրները, որոնք գտնվում են հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման օրակարգում, այն խոչընդոտները, որոնք գտնվում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ըստ երեւույթին, ներկա պահին ենթարկված չեն փոփոխության։ Իսկ այս գործընթացում երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ակնկալիքները պարզ են»,- արձագանքեց Արա Գոչունյանը։

Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքականության ինչ փոփոխություն կարող ենք ակնկալել, Արա Գոչունյանն արձագանքեց․ «Ցանկացած երկու պետություն հարաբերվելիս առաջնորդվում են սեփական շահերով, եւ իրենց որդեգրած նպատակները պայմանավորված չեն իշխանություններով։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ունի իր նպատակները, իր թիրախները, եւ եթե տեսնի այդ նպատակներին հասնելու հնարավորությունը, ապա կփոխի իր քաղաքականությունը։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանին։ Իսկ երկու երկրներն իրենց դիրքորոշումները փոխելու համար չունեն բավարար հիմքեր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել