Օրենքը երբեք չպետք է կոմպրոմիսի գնա բիզնեսի, այն էլ՝ ագրեսիվ ու ամբարտավան բիզնեսի հետ: Էս «աջ ղեկի» տղերքն ինձ արդեն սկսել են նյարդայնացնել: Հինգ ամիս առաջ խնդիր էր գնում, իբր թյուրիմացաբար ներկրվելիք 200 աջ ղեկով ավտոմեքենաների մասին: Պետությունը գնաց զիջումների և որոշակի պայմաններ առաջադրելով՝ թույլատրեց դրանց ներկրումը, ինչն, իմ կարծիքով, չէր կարելի անել ոչ մի դեպքում: Եթե բիզնեսմենն առանց օրենքը ուսումնասիրելու (մեծ կասկածներ ունեմ, որ այդպես է եղել, բայց մեզ դնենք էշի տեղ ու հավատանք, որ այդպես է), առանց հասկանալու՝ ինչն ինչոց է, օրենքով արգելված գործ է ձեռնարկում, ապա այդ գործի ողջ պատասխանատվությունն իր և միայն իր վրա պիտի լինի:
Խեղճ ու կրակ գյուղացու հետ ոչ ոք կոմպրոմիսի ու որևէ զիջման չի գնում, երբ նրա բերքը, վատ սերմացուի, ջրի բացակայության և այլ արտաքին արհեստական պատճառների հետևանքով փչանում է, և նա ստիպված է լինում զրկվել իր՝ գրավի տակ գտնվող ունեցվածքից:
Աջ ղեկի պարագայում, չգիտես ինչու, պետությունը գնաց զիջումների և թույլատրեց այդ 200-ի ներկրումը, բայց մեծագույն սխալ գործեց՝ չհաստատելով մեքենաների քանակական քվոտա (ասենք՝ 200-300 մեքենա), այլ սահմանեց ժամկետ, այն է՝ մինչև ապրիլ: Ու հիմա սրանք, աշխարհում աջ ղեկով ինչ զիբիլ կա, հավաքելու են, բերեն Հայաստան: Այսօր արդեն պարզվում է, որ դրանց քանակը 200 չէ, այլ 1000 կամ ավելի, որոնք պատվիրված են, ու դրանց մի մասն էլ ճանապարհին է, և որ դրանց մի մասի ղեկերն էլ աջից ձախ տեղափոխելն անհնար է և խիստ վտանգավոր: Եղբայր, վստահ եմ, պատվիրել եք օրենքն իմանալուց հետո՝ սրանից երկու-երեք ամիս առաջ: Չպատվիրեիք, ով էր ձեզ ասում՝ պատվիրեք: Սա արդեն, մեղմ ասած, անբարոյականություն է:
Բայց ոչ: Այստեղ այլ մոտեցում է, համաձայն որի՝ եթե պետությունը մեկ անգամ գնացել է զիջումների, ապա «մի քիչ էլ հուփ կտանք, լացուկոծ կանենք, Նիկոլի հեղափոխության էյֆորիայից կօգտվենք, չէ՞ որ ինքն ա ասել, որ մեզ շատ է սիրում, և մենք հեղափոխություն արած ՀՀ հպարտ քաղաքացիներ ենք, ու կհասնենք մեր ուզածին: Մի անգամ գնացել են զիջման, էլի են գնալու, куда они на хрен денутся», մտածում են իրենք:
Ոչ մի զիջման պետությունն այլևս չպետք է գնա: Այդ մեքենաներն առանձին անհատների չեն պատկանում, այլ մի քանի տասնյակ ներկրողների են, ովքեր մեծ եկամուտներ են ստացել և հիմա էլ փորձում են, օգտվելով պետության անփորձությունից ու հանդուրժողականությունից, հնարավորինս շատ օգուտ քաղել դրանից:
Չի կարելի գնալ և ոչ մի կոմպրոմիսի: Իրենց բիզնեսի անհաջողության համար միայն իրենք են պատասխանատու և եթե կորուստներ են կրում, ապա միայն իրենք են մեղավորը:
Հեղափոխության պատժիչ սուրը պիտի սկսի գործել վերջապես:
Ահա սա պիտի լինի ՊԵՏՈՒԹՅԱՆ պատասխանը ոչ միայն աջ ղեկերին, այլ բոլոր նրանց, ովքեր կփորձեն իրենց ճղճիմ նպատակների իրականացման համար օգտվել հեղափոխությունից: