Հեչ չէի ուզում թաթախվել, բայց․․․ Ես ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այն տարիներին, երբ ռեկտորը Սոս Սարգսյանն էր՝ Համազգային թատրոնի հայրը, իր դերասանների համար՝ պապին, բոլորիս համար՝ լեգենդը, ու այսօր անհաղորդ մնալ թատրոնի շուրջ ծավալվող զարգացումներին, փաստորեն, չեմ կարողանում։

Հարգելի Վիգեն Չալդրանյան, մի պահ դուրս եկեք ձեր կոմֆորտի շրջանակից ու ազնվություն ունեցեք ՏԵՍՆԵԼՈՒ, որ աշխարհի այս փոքրիկ անկյունում, որի անունն է Երևան, ծվարել է մի թատրոն-թատերախումբ, որի համար Համազգայինն ընտանիք է, կյանք է, զուգահեռ իրականություն է, ու մարդիկ ապրում են դրանով, դրա համար, դրա շնորհիվ։ Ոնց հասկանում եմ, ձեզ համար դա ընդունելը դժվար է։ Ո՞վ իմանա, գուցե դուք երբեք չեք աշխատել մի կոլեկտիվում, որտեղ մարդիկ սարի պես կանգնած են իրար թիկունքի, կամ գուցե դուք երբևէ չեք եղել հենարան որևէ մեկի համար, կամ ձեզ համար որևէ մեկը երբևէ չի արել նույնը։ Բայց, անկախ ձեր ապրած-չապրածից, տեսած-չտեսածից, ընդունեք, որ Համազգայինը կա ու այնպիսին է, ինչպիսին որ է, ու դուք նվազագույնը, որ կարող եք անել իբրև արվեստի մարդ, դա հարգելն ու այդ փաստի հետ հաշվի նստելն է։ Բայց ոչ, դուք ընտրել եք ԴԻՎԱՅԻ գործելակերպ՝ քամահրանք, բացահայտ իգնոր ու ատելություն այն թիմի հանդեպ, ում կյանքի, աշխատանքի, գոյության հունը փոխեցիք միայն ձեր ներկայությամբ ու այսօր համարձակվում եք նման գնահատականներ տալ, նման վերաբերմունքի արժանացնել դերասաններին։

Ասում են՝ ճշմարիտ արվեստագետներին հատուկ է համարձակությունը, և ուրեմն՝ ունեցեք համարձակություն ընդունելու, որ ձեզ չընդունեցին (Համազգայինում ինչ արեցիք, ինչ չարեցիք, ինչում հաջողեցիք, որտեղ ձախողեցիք՝ չեմ քննարկում, բայց ձեզ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ)։ Հեռացե՛ք գեղեցիկ՝ չկորցնելով հարգանքի էն փշրանքները, որոնք երևի դեռ վայելում եք X թվով մարդկանց կողմից։ Դուք վարկաբեկում եք ձեզ, բայց մոռանում եք, որ վաղն այդ վարկաբեկված անունով ֆիլմեր եք նկարելու, գուցե ներկայացումներ եք բեմադրելու, ու չի բացառվում, որ այդ անունն այլևս դառնա հակագովազդ ձեզ համար, ու ձեզ դիմավորեն դատարկ դահլիճներ։ Դուք այսօր միայն դերասաններ կորցնելու վտանգի առջև չեք կանգնած, դուք նաև հանդիսատես եք կորցնելու։ Գոնե իմ մասով վստահ կասեմ՝ ես Վիգեն Չալդրանյանի ղեկավարած Համազգայինում ներկայացումները չեմ դիտելու։ Չնայած, ի՞նչ գիտեմ, գուցե հանդիսատեսի վրա էլ թքած ունեք․․․

ՀԳ․ Թատրոնի տնօրենի պաշտոնը Կաթողիկոսի աստիճանի հետ չշփոթել։ Դուք ձեռնադրված չեք, դուք նշանակված եք․ նշանակումը հետ կկանչեն կամ կհեռանաք կամովի՝ զուտ ժամանակի խնդիր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել