1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս…
Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու:
Հպանցիկ վերընթերցելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միաժամանակ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բացառիկ նպաստավոր իրավիճակը՝ կարծում եմ, որ շատ լավ պայմաններ են ստեղծվել այդ հռչակագրի դրույթների ամբողջական իրականացման համար: Ամբողջությամբ.
Ասե՛ք՝ ինչ ուզում եք, բայց այլևս՝
- Մեր երկրում բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ,
- Չպետք է խախտվի մարդու ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը,
- Մարդիկ չենթարկվեն խոշտանգման, դաժան, անմարդկային և իրենց արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի,
- Չխախտվի մարդկանց դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը,
- Անհիմն ձերբակալություններն ու կալանավորումները դառնան տխուր հիշողություն,
- Մարդիկ հարկադրված և իրենց կամքին հակառակ չմիավորվեն որևէ միության մեջ,
- Ընտրությունների ժամանակ կոպտորեն չխախտվի ընտրական իրավունքի բազմաթիվ դրույթներ:
Գործող սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ամրագրվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք կարծես թե սպառիչ են ու հստակ: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Իսկ 23-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Խոստովանենք՝ հրաշալի սահմանադրական ձևակերպումներ են:
Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է իր ականջին օղ անի, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է:
Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում անխտիր բոլոր պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել սահմանադրական այս նորմերով՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում: