«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կատարեց իր ընտրությունը՝ հանուն ինքնիշխան, հզոր հայերի համար հզոր հայրենիք դարձող Հայաստանի:
Ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանն ասաց, որ այդ նախադրյալները կան, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան: Հարցին, թե տրամադրված եք հավատալու ընտրությունների արդյունքներին, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ինքը վստահում է ժողովրդին, և ինքը չի ուզում լրացուցիչ մեկնաբանություններ տալ չխախտելու համար նաև լռության կարգը:

Հարցին, թե ՀՀ ոստիկանապետն ասել է, որ աննախադեպ քարոզարշավ է իրականացվել, համամիտ է դրա հետ, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե  քարոզարշավն ինչպիսին է եղել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում, և մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց: Սա անցումային վիճակ է, և համոզված ենք, որ շուտով մենք նման երևույթների ականատես չենք լինի»:

Դիտարկմանը, թե նկատի ուներ ահազանգերը և այլն, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց, որ չի կարող մեկնաբանություն տալ, թե որ պաշտոնյան ինչ է ասել, իր խոսքը կասի ժողովուրդը:

Հարցին, թե, ըստ Ավետիսյանի, ընտրարշավի ընթացքում հավասար պայմաններ են եղել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Անցումային ժամանակներ ենք ապրում, բնականաբար, իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը մեզ կտանի դեպի արդար, ազատ, հավասար և թափանցիկ ընտրություններ:

Հիմա կա ազատություն, բայց շարունակությունը մենք, մեր ժողովուրդը կապահովի»:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ այսօր մեկնելու է Գեղարքունիքի մարզ և օրը հիմնականում այնտեղ է անցկացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել