PanARMENIAN.Net-ը գրում է.
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց թողնելու դատարանի որոշման հրապարակումից հետո նա անձամբ գնացել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Ալումյանի խոսքով, նա այժմ սպասում է քննիչին:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր:
Նախքան վճռի հրապարակումը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա:
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս վճիռը կայացվել էր՝ հիմք ընդունելով Գլխավոր դատախազի բողոքը:
Նախքան այդ, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ նշելով, որ Քոչարյանը որպես ՀՀ նախագահ անձեռնմխելի է:
Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չպետք է կալանավորվի: