Մեր երկրի գործող իրավակարգավորումներն ու նորմատիվային բազան ամբողջությամբ բավարար են ցանկացած հանցագործության դեմ հաջող պայքար մղելու համար: Մեր խնդիրը միշտ եղել է իրավակիրառ դաշտում:
Մեր օրենքները կա՛մ չեն գործել, կա՛մ գործել են ընտրովաբար:
Որևէ կասկած չունեմ, որ իրավապահ համակարգը կանգնած է համակարգային, խորքային և ռազմավարական վերափոխումների եզրին՝ պետության առջև ծառացած խնդիրները օրինականության, իրավունքի գերակայության, սահմանադրականության փիլիսոփայության արժեքների ու սկզբունքների հստակ կիրառման ու պահպանման սկզբունքներով առաջնորդվելու համար։
Օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության՝ քրեական օրենսդրության սկզբունքները պետք է դառնան ուղենշային իրավապահ համակարգի յուրաքանչյուր անդամի համար։ Բայց նշված սկզբունքերի կիրառման համար այն կիրառողները պետք է ունենան կամք, նրանց ձեռքերը պետք է լինեն մաքուր և չլինեն կապված:
Կարծում եմ, որ նոր խորհրդարանն ու նոր ձևավորվող կառավարությունը պետք է ձեռնամուխ լինեն ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգեր։ Մի առիթով նշել էի, որ խախտվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ձևավորվան օրենսդրորեն ամրագրված ժամկետները։ Խորհրդարանի ձևավորումից հետո պետք է հնարավորինս արագ կազմավորել այդ հանձնաժողովը։ Բացի այդ, իմ կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդունել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրություն։
Սա նշանակում է, որ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսվող պատիժները (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը, խոշտանգումը, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, պաշտոնական կեղծիքը, անփութությունը և այլն) պետք է խստացվեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Սա իսկապես կլինի հանրությանն ուղղված կարևոր ուղերձ, որով նոր կառավարությունը հասկանալ կտա, որ խաղի նոր կանոններ սահմանելու միջոցով փորձելու է նվազագույնի հասցնել կամ վերացնել պետական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները: