Yerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 4-ին, երբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանը, Աշտարակում ելույթ ունենալով, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ, ինչը պատահական չէ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

«Թեև  այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին և այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունը հետևյալն էր՝  մենք նախկին իշխանություններին կբերենք դատարաններ: Ճիշտ է, այնտեղ մի քիչ ուրիշ տերմինոլոգիա էր՝ մկներ, սերմացու և այլն, բայց ասելիքը սա էր՝ նախորդ իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա նաև նրանց կդատենք: Եղավ նաև արտահայտություն, որ ԱԺ-ն բավարար լծակներ ունի` դատական մարմնի վրա ազդեցություն ունենալու»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ եթե դատարանները գործեն սպառնալիքների տակ, ապա ցանկացած դատական ակտ, որքան էլ օբյեկտիվ  լինի, չի համարվելու օրինական, կասկածների տեղիք է տալու և վիճարկվելու է:

Ըստ փաստաբանի՝ դատաիրավական ոլորտում այսօր իրավիճակը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների օրոք, նույնիսկ՝ ավելի վատ: «Եթե այս իշխանությունները պետք է տարբերվեն նախորդներից, ինձ թվում է` առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ պետք է բացառվի ճնշումը դատական համակարգի նկատմամբ` նույնիսկ ամենալավ նպատակներից ելնելով: Չեն կարող այսպիսի հայտարարություններ արվել, և չպետք է մարդկանց մոտ թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ: Դատավորները որոշումներ կայացնելիս չպետք է իրենց  զգան այն վիճակում, որ եթե իրենք, ելնելով  ներքին համոզմունքից, օրինակ, գտնեն, որ պարոն Քոչարյանին պետք է ազատել, իրենք հայտնվելու են թիրախի կարգավիճակում, համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող: Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի նկատմամբ»,-հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ, իհարկե, կա հանրային պահանջմունք, որ իշխանությունները ճնշեն դատարաններին, ինչին չպետք է տրվել:

«Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե  կարելի է, իրենց կարծիքով, լավ նպատակների համար դատարաններին 1-2 անգամ ճնշել, նրանք հաշվի չեն առնում, որ վաղը նույն տրամաբանությամբ իրենք են հայտնվելու այդ նույն դատարանի առջև,  և  այդ մեխանիզմները գործելու են նաև իրենց նկատմամբ: Ես կոչ եմ անում այս ոճից հրաժարվել և դատական համակարգի նկատմամբ նման ճնշումներ չգործադրել: Սա ամենամեծ ճնշումն է, որ հնարավոր է գործել դատարանների նկատմամբ: Կրկնում եմ՝ մեր համոզմամբ, օրը պատահական չէր ընտրված: Դեկտեմբերի 4-ին, երբ պարոն Քոչարյանի վերաբերյալ դատական նիստերն ավարտվեցին, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, նույն  օրը  հնչեցին այդ սպառնալիքները դատական համակարգի նկատմամբ: Մեր հիշողության մեջ դեռ թարմ են նախորդ սպառնալիքները և լուտանքներն այն դատավորի հասցեին, որը օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանից պարոն Քոչարյանին ազատ էր արձակել»,- ընդգծեց Ալումյանը:

Քոչարյանի փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանական ճնշումների, հենց այն դատավորներն են, որոնք հետագայում  կոռումպացվում են, և հակառակը՝ հենց կոռումպացված դատավորներն են հեշտ ենթարկվում իշխանական ճնշումներին: «Նրանք հասկանում են՝ քանի որ կոռումպացված են, ապա պետք է շատ լավ հարաբերությունների մեջ  գտնվեն և   ԱԱԾ-ի, և   ՀՔԾ-ի, և երկրի իշխանության հետ: Կոռումպացված դատավորին շատ հեշտ է ճնշել: Նման դատավորը և ԱԱԾ-ի պատվերն է կատարում, և ՀՔԾ-ի, ուրեմն ինքը պրոբլեմ չունի ու հանգիստ կարող է զբաղվել կոռուպցիայով: Պատվեր կատարող և կոռումպացված դատավորները միևնույն մարդիկ են: Չի կարելի այս ձևով  կոռուպցիա բուծել, սրանով կոռուպցիա են բուծում, երբ դատավորին պատվեր կատարող են դարձնում»,- խոսքն ամփոփեց Ալումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել