Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն ընթացիկ քաղաքական գործընթացներում կարևոր է համարում տնտեսական օրակարգը: «Վեստի-24»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առջև ամբիցիոզ խնդիր է դրված Հայաստանը գյուղատնտեսական երկրից վերածել տեխնոլոգիականի-արդյունաբերական երկրի:

«Այս օրակարգով ես հանդիպում եմ քաղաքացիների, ընտրողների հետ: Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր աշխատանքն է, որ մենք պետք է անենք: Ցավոք, այսօր  Հայաստանում աղքատության և գործազրկության տոկոսը շատ մեծ է: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Մենք կարծում ենք, որ այս խնդիրը կարելի է լուծել միայն աշխատանքի միջոցով, իսկ դրա համար յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու ջանքերը շատ կարևոր են: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները գիտակցեն  իրենց դերը ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլ նաև տնտեսական փոփոխությունների գործընթացում»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ Փաշինյանն ընդգծել է, որ  Հայաստանը տրամադրված է ՌԴ-ի հետ ռազմավարական, գործընկերային հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: «Մենք տրամադրված ենք և կաշխատենք, որպեսզի մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին և ԱՊՀ-ին ավելի արդյունավետ դարձնենք: Իհարկե, մեր օրակարգում կա նաև Եվրոպական Միության հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ: Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Բայց մենք ասում ենք, որ, իհարկե, մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, սակայն մենք չենք պատրաստվում անել դա մեր այլ հարաբերությունների հաշվին: Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթ են»,- ասել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել