«ՀՀԿ-ն իր նախընտրական ցուցակի առաջին եռյակում տեղ զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի միջոցով նախօրեին դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Արցախը, այսպես ասած, իշխանության դիմաց հանձնելու մտադրությունների առնչությամբ:
Հանրապետական կուսակցությունը թե´ անցնող ամիսների ընթացքում, թե´ հատկապես քարոզարշավի ընթացքում հետևողականորեն առաջ է տանում այդ գիծը:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ գիծը ՀՀԿ-ն առաջ է տանում ոչ թե Արցախի հարցի շուրջ բովանդակային քննարկումներ խթանելու, մյուս ուժերին այդ դաշտ բերելու, իր, այսպես կոչված, փորձառություն-առավելությունը գործի դնելու միջոցով, այլ տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների:
Ընդ որում՝ այդ ճանապարհին «Հանրապետականն» ու այն ներկայացնող գործիչները կանգ չեն առնում անգամ այնպիսի հայտարարությունների առաջ, որոնք ուղղակի սպառնալիք են ազգային անվտանգությանը: Այդպիսով, Արցախի հարցը դառնում է ոչ թե քննարկումների, այլ շահարկումների առարկա, և դրանով իսկ ՀՀԿ-ն, ըստ էության, փակում է այդ հարցը բովանդակային առումով քննարկելու հնարավորությունները:
Մինչդեռ խոսքն իսկապես կարևորագույն, հայկական պետականության համար հիմնաքարային նշանակություն ունեցող հարցի մասին է, որում մենք՝ իբրև պետություն ու հասարակություն, անշուշտ, ունենք լուրջ քննարկումների և հայեցակարգային կոնսենսուսի գալու անհրաժեշտություն: Սակայն ինչպես իշխանություն եղած տարիներին, այդպես էլ այժմ՝ իբրև թե ընդդիմություն, ՀՀԿ-ն փորձում է հարցը դարձնել ընդամենը իր քաղաքական նպատակահարմարությունների և խնդիրների բավարարման միջոց:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: