Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ ավտոմատացված է, իսկ ֆիզիկական աշխատանքն աստիճանաբար դառնում է պատմություն։ Մենք քայլ առ քայլ դառնում ենք գրասենյակային որդեր՝ օրական 8 ժամ անշարժ նստելով։ Միջին վիճակագրական մարդն իր առույգ ժամանակահատվածի մեծ մասն անց է կացնում պասիվ վիճակում։ Չնայած որ տեխնոլոգիաներն իրենց հետ մի շարք առավելություններ են բերում, այնուամենայնիվ, նրանք մի շարք բացթողումներ ունեն։ Նստակյաց կյանքն առաջացնում է մի շարք լուրջ խնդիրներ՝ մեջքի խրոնիկական ցավեր, վատ կեցվածք և անգամ մահացու հիվանդություններ (դիաբետ, սրտի հիվանդություն, ճարպակալում)։ Ի՞նչ տեղի կունենա մեր մարմնի հետ, եթե մեր ժամանակի մեծ մասը նստած անցկացնենք։

Խնդիրներ պարանոցի, ուսերի և ուղեղի հետ

Շարժումը մեծացնում է արյան և թթվածնի հոսքը ուղեղին, ինչն օգնում է մեզ մտքի պարզություն և սրություն պահպանել։ Մշտական նստակյացությունը նվազեցնում է այդ հոսքը՝ համապատասխանաբար վնասելով մտավոր գործունեությանը։ Ավելին՝ եթե դուք մշտապես նայում եք համակարգչի էկրանին, ապա ձեր պարանոցը ահռելի լարվածություն է ստանում։ Նստակայաց դիրքը վնասում է մեջքի մկանները, որոնք նույնպես ավելորդ լարվածություն են ստանում։

Մեջքի խնդիրներ

Ամենացավալի խնդիրներից մեկը մեջքի խնդիրն է։ Այս պարագայում ողնաշարի ճկունությունը նվազում է։ Շարժումը հանգեցնում է նրան, որ ողնաշարն առաձգականանում է, ինչի արդյունքում արյան մեջ օգտակար նյութեր են թափանցում։ Շարժման բացակայության ժամանակ սկավառակները անշարժանում են և վերանում է առաձգականությունը։ Ավելին՝ համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնող մարդկանց մոտ շատ է հանդիպում միջողնաշարային սկավառակների ճողվածքը։

Ներքին օրգանների վիճակի վատթարացում

Նստակյացությունը կարող է առաջացնել սրտի և անոթների հիվանդություն, ինչպես նաև հաստ աղիքի քաղցկեղ։ Բոլոր այս խնդիրներն առաջանում են ինսուլինի քիչ արտադրության և արյան հոսքի դանդաղեցման պատճառով։ Ինսուլինի պակասը հանգեցնում է նաև քաշի ավելացման, որը կարող է դիաբետի և ճարպակալման պատճառ դառնալ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել