Դեկտեմբերի 2-ի առավոտյան իսրայելական ոստիկանության կողմից նախաձեռնված «Սպանության արտոնագիր» անվանումը ստացած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են 40 իսրայելցի արաբ բժիշկներ, դեղագետներ, ստաժորներ՝ կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեղադրանքով: Բոլոր կասկածյալներն ունեցել են ՀՀ ոչ պետական բուհերի՝ «Հայբուսակ», «Մխիթար Գոշ», «Սուրբ Թերեզա» համալսարանների դիպլոմներ, իսրայելական ոստիկանությունը կարծում է, որ նրանք այդ փաստաթղթերը ստացել են զարտուղի ճանապարհով՝ չմասնակցելով դասընթացին:

Վերոնշյալի առնչությամբ ուշագրավ է այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունը տարածվել է գրեթե բոլոր իսրայելական լրատվամիջոցներով, իսկ բոլոր նյութերին կցվել են միաժամանակ հայաստանյան դիպլոմները, Իսրայելի առողջապահության նախարարության տրամադրած արտոնագրերը և առգրավված այլ փաստաթղթեր: Եվ որքան էլ բժշկական ոլորտը կարևոր է ցանկացած երկրի և հատկապես Իսրայելի համար, հաշվի առնելով այս ոլորտում համաշխարհային նշանակության կենտրոնի վերածվելու ծրագրերը՝ այդուհանդերձ, իսրայելական ոստիկանության նման գործողությունը և դրա քարոզչական ֆոնն ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի համար ոչ պակաս կարևոր կրթական ոլորտին:

Նշվածի համատեքստում հայկական կողմի համար հույժ կարևոր է սեփական կրթության բարի համբավը վերականգնելուն միտված հետևողական քայլերը, քանի որ վտանգի տակ է հատկապես օտարերկրյա ուսանողների շրջանում ամենամեծ հեղինակությունն ունեցող ԵՊԲՀ-ի հեղինակությունը, որի հետ բարձրացված աղմուկը որևէ ուղիղ կապ բացարձակապես չունի: Այս առումով կարևոր են առնվազն մի քանի իրավական, քարոզչական և բնական իրողությունններ, որոնք հայկական կողմը կարող է օգտագործել՝ մշակելով սեփական մոտեցումները․

1. Հանդես գալ համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկով՝ հետևողականորեն պատժելով բոլոր այն անձանց, ում մեղքը կապացուցվի դատական գործընթացի արդյունքում. ի վերջո վտանգված է ՀՀ կրթական ոլորտի միջազգային համբավն ընդհանրապես:
2. Կարևոր է փաստել, որ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե հայաստանյան դիպլոմներին, այլ Իսրայելի ԱՆ-ի կողմից տրամադրված արտոնագրերին:
3. Որպես հավելում երկրորդ կետին՝ Իսրայելի ԱՆ-ն բժշկությամբ զբաղվելու արտոնագիր է տրամադրել ՀՀ բուհերն ավարտած տասնյակ քաղաքացիների:
4. Ուշագրավ է այն հանգամանքը, որ թիրախավորված են բժշկական ոլորտի ազգությամբ արաբ ներկայացուցիչները, ինչը կարևոր է Իսրայելի հասարակության շրջանում առկա մի շարք հատկանշական իրողություններով:
5. Առանցքային հանգամանք է, որ հետաքննության արդյունքները, Հայաստանից բացի, տանում են Գազա, Մոլդովա, Ռումինիա, Վրաստան և մի շարք այլ երկրներ, բայց, չգիտես ինչու, առավելապես շրջանառվում է հենց Հայաստանի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել