ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն  այսօր բացահայտել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանի պաշտոնանկության իրական պատճառը: Ի. Զաքարյանի խոսքով՝ դեռեւս ապրիլին այս ճանապարհաշինական ծրագրում հայտնաբերված խախտումների մասին իրնքը զեկուցել էր ՀՀ նախագահին, որից 10 օր անց ԾԻԳ-ի տնօրենը ազատվել էր աշխատանքից:
 
Նշենք, որ մինչեւ այժմ Արա Հովսեփյանի պաշտանանկության իրական պատճառը չէր հրապարակվում, անգամ տնօրենն ինքը լրագրողներին իր դիմումի իրական շարժառիթները չէր բացահայտել:
 
Առաջին խախտումները, ըստ ՎՊ նախագահի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են ապրիլի 16-ին: Հենց սրանց վերաբերյալ կազմված արձանագրությունն է, որ Զաքարյանը ներկայացրել էր Սերժ Սարգսյանին: Սակայն անգամ տնօրենի պաշտոնանկությունից հետո էլ վիճակը չի շտկվել: Հետագա երկու` մայիսի 14-ի եւ 17-ի ստուգումները դարձյալ խախտումներ են արձանագրել:
 
Այսպես, առաջին խախտումը, Ի.Զաքարյանի խոսքով, վերաբերում է կառուցվող ավտոմայրուղու խճային ծածկույթին, որը ճանապարհի հիմնային առաջին շերտն է: Նախագծով նախատեսված առավելագույնը 3 սմ քարերի փոխարեն ՎՊ մասնագետները հայտնաբերել են 30-40 սմ-անոց քարաբեկորներ:
 
Երկրորդը ճանապարհի ջրահեռացման համակարգին է վերաբերում: Ինչպես նշեց Ի.Զաքարյանը, ջրահեռացման փոխարեն իրենք ջրագոյացում են արձանագրել: Ապագա ճանապարհի համար փորված փոսն ամբողջ երկայնքով, իրենց այցելության պահին, լցված է եղել ջրով:
 
Երրորդ խախտումը Աշտարակի կամուրջի ամրացման աշխատանքներում է գրանցվել: Այստեղ օգտագործվել է ակնհայտ անորակ բետոն, որը դեռ աշխատանքը չավարտած հոսել է կամուրջի կողապատերից ցած:
 
Ի դեպ, արձանագրված խախտումների վերաբերյալ արձանագրություններն արդեն ներկայացվել են նաեւ ՀՀ կառավարությանը` առաջարկով մեկամսյա ժամկետում շտկել խախտումները, կամ չշտկելու դեպքում լուծարել պայմանագիրը եւ նոր մրցույթ անցկացնել:
 
Նշենք, որ ՎՊ-ի հայտնաբերած խախտումները չէին նկատել ծրագրի տեխնիկական վերահսկողություն իրականացնող Ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Իզոլյուքս» ընկերությունները, որոնք, ի դեպ, այս իրավունքը շահել են անցկացված հատուկ մրցույցթում հաղթելով եւ այդ աշխատանքի դիմաց պետք է ստանան 6 098 700 ԱՄՆ դոլար:
 
Ի. Զաքարյանը նաեւ նշեց, որ հայտնաբերված խախտումների արդյունքում ֆինանսական կորուստներ առայժմ չեն արձանագրվել, քանի որ, նրա խոսքով, այդ աշխատանքի դիմաց թե կատարողները եւ թե վերահսկողներն առայժմ չեն վճարվել:
 
Հիշեցնենք, որ ներկայում մեկնարկել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության առաջին փուլը, որով նախատեսվում է 100 կմ/ժամ արագությամբ, 4 երթեւեկելի գոտիներով, միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմայրուղին հասցնել մինչեւ Արարատ: Ծրագրի այս փուլի արժեքն է 60 մլն ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության 10 մլն համաֆինանսավորմամբ:
 
Ծրագրի իրականացման հիմնական վարկային միջոցները` 500 մլն. ԱՄՆ դոլար, ՀՀ-ին տրամադրում է Ասիական զարգացման բանկը: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 960 մլն. ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել