ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժողի դուստրն ու կինը՝ Նարե Հայրիկյանն ու Սուսաննա Ավագյանը: Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ լսել է խուլ կրակոցի ձայն, ապա տեսել են Պարույր Հայրիկյանին, ում կրծքավանդակից վերև արյան շիթ էր հոսում: Իսկ Նարե Հայրիկյանը նշեց, որ լսել է խուլ պայթյունի ձայն: Նա հայտնեց նաև, դեպքից առաջ հարևանուհու դուստրը նկատել է սև շորերով, սև գլխարկով մարդու:
Պ.Հայրիկյանի հարևանուհին՝ Սեդա Գևորգյանը, հայտնեց, որ լսել է թույլ թրմփոց, սակայն այդ պահին չի ասոցացրել կրակոցի հետ, որովհետև նման ձայներ անընդհատ լսվում են բակից: Ապա բղավոցներ է լսել, ներքև իջնելով՝ տեսել վիրավոր Պարույր Հայրիկյանին՝ շատ արյուն կար, շտապբուժօգնություն են կանչել, և Պ.Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց: Վկան հերքեց իր իսկ նախաքննական ցուցմունքն առ այն, թե «երբ դուրս նայեցի պատուհանից, կասկածելի, փախչող կամ հեռացող որևէ անձ չտեսա»: Վկան դատարանում հայտարարեց, որ ինքը պատուհանից դուրս չի նայել, որովհետև լսված ձայնն իրեն տարօրինակ չի թվացել: Պ.Հայրիկյանի հարևանուհին հայտարարեց, որ՝ «ես քննիչին ասում էի, որ չի համապատասխանում իրականությանը, ասում էր՝ ոչինչ»: Վկան նաև հայտարարեց, որ իրեն 3 անգամ հարցաքննել են, նույնքան անգամ ինքը համապատասխան արձանագրություն է ստորագրել: Գործում ըստ ամենայնի առկա է միայն մեկ ցուցմունք:
Պ.Հայրիկյանի հարևան Խաչատուր Ջանազյանը հայտնեց, որ լսել է «օգնեցեք, խփեցին», ապա շքամուտք դուրս գալով տեսել է Պարույր Հայրիկյանին՝ պառկած: Վկան հայտնեց, որ չի լսել կրակոցի ձայն, լսել է թրմփոցի խուլ ձայն: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ շատ թույլ մեկ-երկու կրակոցի ձայն է լսել, որը նման է եղել խլացուցիչով արձակված կրակոցի ձայնին:
Մթնոլորտը դատարանի դահլիճում բավականին լարված է՝ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանին խորհուրդ տվեց՝ «փաստաբանությամբ հօգուտ ազգային անվտանգության պետք չէ զբաղվել», վերջինս էլ հիշեցրեց հակադիր կողմին, որ իր վստահորդը դեպքի հետևանքով հաշմանդամ է դարձել: Պաշտպանական կողմի՝ վկա Ջանազյանին ուղղված որոշ հարցերի կապակցությամբ գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը առաջարկեց դատավարությունը զավեշտի չվերածել:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 7-ը՝ շաքարային դիաբետով տառապող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով: