Երկու օր առաջ ընկերոջս հետ զրուցում էինք, ինչպես միշտ, հայ ժողովրդի մասին: Ընկերս այսպիսի մի պատմություն պատմեց, որը բնութագրում է հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգը:
-Մի անգամ,-պատմում է ընկերս,- մի հայ իշխան իր մոտ է կանչում ժամանակի իմաստուններից մեկին ու հանձնարարում գրել իր իշխանության տակ ապրող հիմարների անունները: Երբ իմաստունը, հիմարների ցուցակը կազմած, գալիս է իշխանի մոտ, վերջինս տեսնում է, որ ցուցակում առաջինը իր անունն է գրված: Իշխանը բարկացած հարցնում է, թե ինչու՞ է իր անունը նույնպես գրված հիմարների ցուցակում, որին իմաստունը պատասխանում է.
-Մի քանի օր առաջ դու պարտքով ահագին ոսկի տվեցիր քո ծանոթ վաճառականին, դա հիմարություն էր, քանի որ վաճառականը ոսկին չի վերադարձնի: 

Իշխանը հարցնում է.
-Իսկ եթե վերադարձնի՞:

Իմաստունը պատասխանում է.
-Այդ դեպքում քո անունը կջնջեմ հիմարների ցուցակից և կավելացնեմ այնտեղ վաճառականի անունը:

Ընկերս մինչ ուրախ-ուրախ պատմում էր, հիշեցի մյուս ընկերոջս պատմածը, որը վերաբերում էր արաբական ժողովրդին և ստեղծվել էր դարեր առաջ, երբ արաբական խալիֆայությունը իր քաղաքակրթական ծաղկման փուլում էր: Այս մյուս ընկերս պատմել էր, թե արաբական մի քաղաքում ապրում էր մի մարդ, ով այդ կողմերի ամենահարուստն ու ազդեցիկն էր ժողովրդի մեջ: Այդ նույն քաղաքում ապրում էր մի զորական, ով այնքան էլ հարուստ չէր, բայց քաղաքում ամենալավ նժույգն իրեն էր պատկանում: Ուրեմն, էս մեծահարուստը, ցանկանալով տիրանալ այդ լավագույն նժույգին, շատ մեծ գին է առաջարկում տիրոջը, բայց զորականը հրաժարվում է ձին վաճառել: Մեծահարուստը որոշում է ամեն գնով տիրանալ ձիուն և իր մոտ է կանչում տարբեր մարդկանց՝ ասելով, թե ով բերի իրեն այդ նժույգը, նրա քաշով մեկ ոսկի կստանա:
Օրերից մի օր քաղաքից դուրս զորականը ձիով անցնելիս տեսնում է, որ մի հոգի անօգնական ընկած է ճամփին ու տնքում է: Զորականը իջնում է ձիուց, հիվանդին բարձրացնում, դնում թամբին, սանձը տալիս ձեռքը, որ հիվանդին քաղաք տանի: Էս հիվանդը, ձին արագ քշելով, քիչ հեռվում կանգնում է ու բղավում.
-ԵՍ ՀԻՎԱՆԴ ՉԷԻ, ԽԱԲԵՑԻ ՔԵԶ ՀԻՎԱՆԴ ՁԵՎԱՆԱԼՈՎ ՈՒ ՁԻՆ ԽԼԵՑԻ, ԻՍԿ ՄԵՐ ՕՐԵՆՔՈՎ՝ ԵԹԵ ՍԱՆՁԸ ՏՎԵԼ ԵՍ ԻՆՁ, ՈՒՐԵՄՆ ՁԻՆ ԻՄՆ Է: ՈՒ ՁԻՆ ՊԻՏԻ ՎԱՃԱՌԵՄ ՔԱՂԱՔԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻՆ:
Սա լսելով՝ զորականը տխրում է, բայց հանգիստ պատասխանում.
-ԼԱՎ, ՄԵՐ ՕՐԵՆՔՈՎ ՁԻՆ ՔԵԶ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՄ: ԵԹԵ ՀԱՐՑՆԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ՏԻՐԱՑԵԼ ՁԻՈՒՆ, ՉԱՍԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ, ԽԱԲԻ: ԱՍԱ՝ ԳՆԵԼ ԵՍ, ԱՍԱ՝ ԻՆՁ ԾԵԾԵԼ ԿԱՄ ՎԱԽԵՑՐԵԼ ԵՍ, ՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՍԵՍ:
Խաբեբան զարմացած հարցնում է.
-ԻՆՉՈՒ?:

Զորականը պատասխանում է.
-ԵԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵՍ, ԱՅԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՆԳՆԻ՝ ՕԳՆԵԼՈՒ ՀԻՎԱՆԴ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ: ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԼԵՎՍ ՄԻՄՅԱՆՑ ՉԻ ՎՍՏԱՀԻ: ԻՍԿ ՈՉ ՄԻ ՆԺՈՒՅԳ ՉԱՐԺԵ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՆ:
Այս լսելով՝ խաբեբան իջնում է ձիուց ու սանձը վերադարձնում զորականին:
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՏԱՐԲԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԾԱՎԱԼ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՐԵՐՈՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ (մինչ այժմ) ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել