Հայ-ռուսական գործակցության «Լազարյան ակումբ»-ի այսօրվա համաժողովին, որին ներկա էի, մի շարք թեզեր հնչեցվեցին, որոնք նոր իրողությունների ներքո կարևոր են: Այդ առումով մի քանիսն առանձնացրել եմ՝ սակայն պահպանելով պայմանավորված կարգը (հեղինակների անոնիմությունը):
..........
Ռուս փորձագետ. «… Ռեգիոնում և Ասիայում առհասարակ առկա են անկայունության լուրջ օջախներ և ուղիներ, դրանք օբյեկտիվորեն մերձենում են ձեզ։ Դա օբյեկտիվորեն մերձեցնում է ՀՀ և ՌԴ շահերը (կոնտեքստ՝ մենակ չեք ձգի): ԱՄՆ և ՌԴ մրցակցությունը տեղափոխվել է երրորդ երկրներ վաղուց, ու հեղափոխությունն այդ կոնտեքստով կարելի է նաև դիտարկել»:
Ռուս փորձագետ. «ՀՀ-ն ՌԴ-ի համար հարավային սահման պահելու դիրքերից կարևոր է, և դա դիտարկվում է ԱՄՆ-ՌԴ հակադրության սրման համատեքստում…»:
Ռուս փորձագետ. «Ռեգիոնում խաղն այնպիսին է, որ ՌԴ-ի ու Իրանի գործակցությունն այլընտրանք չունի… Դա դիտարկվում է ԱՄՆ-ի կողմից Իրանը մասնատելու կոնտեքստում, որի մի մասը հեռանկարում, ենթադրելի է, միանալու է մեծ Ադրբեջանին…
Դա ուղղակիորեն կապված է ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ, թե նրանք ինչ վարք են կարողանալու դրսևորել… ԱՄՆ-ը և Արևմուտքը ռեգիոնը դիտարկում են միասնական-կոնֆեդերացիա ստեղծելու դիրքերից:
…ՌԴ-ն պետք է իր դիրքերն էլ ավելի ամրապնդի ռեգիոնում ու դուրս մղի ԱՄՆ-ին։ ԼՂ խնդիրը պետք է սառեցնել»:
Հայ (արտերկիր) փորձագետ. «Հայաստանը մենակ է… ՌԴ-ն Թուրքիայի հետ է աշխատում, կա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան շրջանակը, Իսրայել-Ադրբեջան օղակը, ԱՄՆ պատշամիջոցները Իրանի դեմ:
…Հայ-ռուսական ռազմական դաշինքը պետք է ամրապնդել՝ անկախ նրանից՝ ով կգա իշխանության ՀՀ-ում: ՌԴ-ն պետք է աջակցի ՀՀ-ի դիրքերի ամրացմանը»:
Հայ փորձագետ. «Խնդիրն այլևս ԼՂ հարցը չէ, այլ ՀՀ-ն: Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են հարմար առիթի, սպասում են, որ քաոս ստեղծվի»:
Հայ փորձագետ. «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կամընտրական են մեկնաբանվում երկու կողմերի կողմից»:
Ռուս փորձագետ. «ՌԴ-ին մեղադրելու հիմքեր կան, իհարկե, բայց հուսանք՝ դուք ձեզ այնպես կդրսևորեք, որ հիմքեր չեն լինի ՀՀ-ին մեղադրել»:
Հայ փորձագետ. «ԱՄՆ ռեգիոնալ գերկայությունը տեղավորվում է Իրանի հարցում կողմերի մոտեցումնեի համատեքստում… Այս առումով ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Ադրբեջանի ազգային անվտանգությունն Իրանի շուրջ ձևավորվող իրողությունների մասով խնդիրներ ունի, հետևաբար երկու կողմերն ունեն կցման կետեր… Ռուսները կարող են օգտվել դրանից»:
Հայ փորձագետ. «Մոսկվայի դերը հին սերնդի մոտ էր որպես հայրենի մայրաքաղաք դիտվում… Նոր սերնդի մոտ այն մի գծի վրա է Բրյուսելի, Վաշինգտոնի հետ միասին… Նոր սերնդի հարցադրումն այն է, թե ՌԴ-ն ինչ է տալու ՀՀ-ին, ինչ նոր բան… Գործընկերության փոխադարձ շահեկանության սկզբունք»:
Հայ (արտերկիր) փորձագետ. «ՌԴ-ն չի պարտադրում, իսկ բալանս պահում է Ադրբեջանի հետ, որ պատերազմ չլինի… Մոսկվան հարգում է ՀՀ ինքնիշխանությունը: Դա մեզ պետք է»: