• Լայն զանգվածների շրջանում տարածված մոլորություն է, թե քաղաքական գործընթացների ու վճռահատության (decision-making) մեջ որոշիչ են մտադրություններն ու ցանկությունները․ «Այ մենք կհեռացնենք ագահ ու չար ղեկավարին, կբերենք բարի ու հայրենասեր կառավարչի, ու լավ կլինի»։ Այս խոսույթն, անշուշտ, ոչ մի կապ չունի իրականության հետ, քանզի քաղաքականությունն առաջին հերթին ոչ թե մտադրությունների շուրջ է դառնում, այլ կոնկրետ ուժային հավասարակշռության պայմաններում արված քայլերի։ Դիցուք՝ ահաբեկչության օրինակը։ Դուք չեք գտնի աշխարհիս երեսին երբևէ ապրած կամ ապրող գեթ մեկ ահաբեկչի խոստովանություն, որն ասի, թե «ես ահաբեկչություն էի անում, որովհետև իմ շարժառիթը մարդկանց պատանդառելն էր, շենքեր զավթելը, ոմանց սպանելը և այդ ամենի դիմաց քաղաքական պահանջներ ներկայացնելը»։ Անխտիր բոլոր ահաբեկիչների շարժառիթը դրական է և «պուպուշ», հետևաբար գիտականորեն դատել այն մասին, թե արդյոք Լենդրուշ ձյաձյայի արածն ահաբեկչություն է, թե ոչ, պետք է եզրակացնել ոչ թե ըստ նրա խոսքերի, առավել ևս՝ ըստ նրա շարժառիթների մասին իր իսկ խոսքերի, այլ ըստ փաստի և կատարված գործողությունների։
• Այսու, երբ ներկայիս իշխանություններին ընդդիմադիր շատ բանախոսներ (երեկվանից ինձ հայտնի դարձած որոշ ստույգ տեղեկությունների փաստի ուժով՝ նաև ես) ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է, պայմանական ձևակերպմամբ ասած, «հանձնել հողերը», պետք չէ հասկանալ, որ խոսքն այն միֆական պատկերի մասին է (առնվազն ե՛ս դա նկատի չունեմ), որում Նիկոլ Փաշինյանը բազմում է Զանգվի ափին գտնվող իր կառավարական առանձնատան մենասենյակում, ժամեր շարունակ լուռ նայում պատից կախված հայոց քարտեզին, առասպելական հեռախոսազանգ ստանում, դառնամած հոգոց հանում ու ինքն իրեն ասում․ «Պիտի հանձնեմ»։ Բնավ։ Ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն օր ոչ թե ժամերով, այլ զբաղվածության բերումով լոկ մեկ-երկու ակնթարթով նայել այդ քարտեզին, ոչ մի տեղից բացարձակապես զանգ չստանալ, դառնամածի փոխարեն ջլապինդ հոգոց հանել և ոչ թե ինքն իրեն, այլ բարձրաձայն ու հպարտորեն ասել՝ «չե՛մ հանձնելու», բայց վերջնարդյունքում տեղի ունենա լրիվ հակառակը՝ Ղարաբաղը տանուլ տանք, իսկ երբ ուշքի գանք, ասվի, որ մեղավորը ՀՀԿ-ն ու «Սաշիկն» էին, որ փայ էին մտել Ղուբաթլուի ու Աղդամի ավերակներում։
• Եթե ժպտում կամ ծիծաղում եք, ապա պիտի տխրեցնեմ՝ ասելով, որ սա հնարավոր է, քանզի, ինչպես վերը նշեցի, քաղաքականությունը մտադրությունների ու ուզենալու մասին չէ, այլ արարքների ու կարողանալու։ Հայաստանի պատմության տարբեր շրջաններում տարբեր նախագահներ ունեցել են այս կամ այն փոխզիջման դիմաց հողերը հանձնելու մտադրություն, սակայն, ինչպես տեսնում եք, ոչ մեկն էլ չի հանձնել, քանի որ մեծ խաղում ընդգրկված բոլոր խաղացողների քայլերը բացառել են նման վերջնարդյունքային կոմբինացիան։
• Երեկ, երբ այս մտահոգություններովս կիսվում էի ավագ գործընկերներիցս մեկի հետ, վերջինս շատ լավ օրինակ բերեց․ «Հա՛, ապե՛ր, օրինակ՝ Գորբաչովն էլ նպատակ ուներ արդիականացնելու ու կատարելագործելու ԽՍՀՄ-ը, բայց արդյունքում ստեղծվեց անկախ Հայաստան»։
• Այն, որ բարի մտադրություններն ու հռչակված ազատական արժեքները կապ չունեն ապագայում կատարվելիք քայլերի ու կերտվելիք իրականության հետ, ես ասում էի դեռ ապրիլ-մայիսին։ Այն ժամանակ շատ քիչ էին այդօրինակ խոսքերին ականջ դնողները։ Հուսամ՝ հիմա զանգվածային էյֆորիայի ակնբախորեն նվազած ֆոնին լսելու ականջ ունեցողներն ավելի շատ են, հատկապես ա՛յն շրջանակներում, որում ընդգրկված անձինք պարտավոր են խոսելու ու մտադրություններ հռչակելու փոխարեն գիշերուզօր սովորել ու աշխատել։