Այս հարցը մինչ այժմ չի ստացել իր պատասխանը, և կարծես թե միտում և ցանկություն չկա գտնելու այն:
Փորձեմ ներկայացնել իմ տեսակետն այս հարցի վերաբերյալ և ուրախ կլինեմ ստանալ ձեր արձագանքը:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀՀ կառավարության որևէ նախարարության վարչության պետի պաշտոնում նշանակվում է պրոֆեսիոնալ, որի կարիքը, ինչպես հասկացա, այսօր շատ մեծ է:

Ի՞նչ է առաջինն անում այս պրոֆեսիոնալը։ Նա դիմում է նախարարության աշխատակազմի ղեկավարին կամ համակարգող փոխնախարարին և խնդրում ներկայացնել այն քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները, որոնք դրված են նախարարության առջև:

Փոխնախարարն իր հերթին դիմում է նախարարին` խնդրելով տրամադրել նշված տեղեկատվությունը` աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքը կազմակերպելու համար:

Նախարարը, չունենալով այս հարցի պատասխանը, պետք է մշակի իր պատասխանատվության ներքո գտնվող ոլորտի քաղաքականությունը, որի համար պետք է հիմք հանդիսանա Կառավարության գործունեության ծրագիրը:

Այս ծրագրի հետևից նախարարը գնում է Կառավարություն և խնդրում տրամադրել այս ծրագիրը` ճիշտ և արդյունավետ քաղաքականություն մշակելու համար: Կառավարությունը, հասկանալով, որ խնդիրը դրված է ոչ միայն տվյալ նախարարության, այլ նաև մնացած նախարարությունների և կառավարության առընթեր մարմինների առջև, ձեռնամուխ է լինում ամբողջական ծրագրի մշակմանը, որի համար պետք է հիմք հանդիսանա այդ քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, որին հավանություն է տվել ժողովուրդն ընտրությունների ժամանակ:

Նախընտրական ծրագիրը գրելու և հստակեցնելու համար հրավիրվում է կուսակցության համագումար, որտեղ կուսակցական գաղափարախոսները հարց են բարձրացնում կուսակցության գաղափարախոսական ուղղվածության հստակեցման մասին, քանի որ առանց այդ գաղափարախոսության,

1. Չի կարող մշակվել կուսակցության արդյունավետ գործունեության ծրագիր, և այդ կուսակցությունը զրկվում է քաղաքական դիմագծից,

2. Կուսակցությունը չի կարողանում մշակել կուսակցական ծրագրին համապատասխան նախընտրական ծրագիր` ընտրողներին այն ներկայացնելու և նրանց քվեն հայցելու համար,

3. Կառավարությունը չի կարողանում մշակել իր գործունեության ծրագիրը, որը հիմնված կլինի նախընտրական և ապա՝ կուսակցական ծրագրի առաջնահերթությունների և գերակայությունների վրա,

4. Նախարարությունները չեն կարողանում մշակել իրենց ոլորտի քաղաքականությունը, որն առաջին հերթին պետք է հիմնված լինի Կառավարության գործունեության ծրագրի վրա, ապա համահունչ լինի մնացած նախարությունների և հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականությունների հետ,

5. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները և հասնել իրավիճակի փոփոխության, որի համար նրանց ձայն է տվել ժողովուրդը,

6. Կարճ ժամանակ անց ժողովուրդը հիասթափվում է իշխանությունից, ինչի արդյունքում Խորհրդարանը զրկվում է լեգիտիմությունից, և ստեղծվում է ներքաղաքական ճգնաժամ:

Հիմա խնդրում եմ՝ ինձ ասեք՝ պե՞տք է արդյոք կուսակցական գաղափարախոսություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել