Թեյ ըմպելիս այն հաճախ ասոցացնում ենք Անգլիայի կամ Չինաստանի հետ, և կարծում ենք, որ այս ըմպելիքը անպայմանորեն այդ երկրներից է սերել, քանի որ և՛ Անգլիան, և՛ Չինաստանը միշտ պարծենում են իրենց թեյային ավանդույթներով: Այո՛, թեյի հայրենիքն իսկապես Չինաստանն էր: Հնում թեյն այնտեղ օգտագործվում էր որպես դեղամիջոց, այնուհետև որպես ըմպելիք: Հնագետներն ու գիտնականները հենց Չինաստանում են հայտնաբերել թեյի հնագույն հետքերը, և կոչել են երկիրը թեյի հայրենիք:
Համաձայն մի շարք աղբյուրների՝ թեյի հրաշալի համը մ.թ.ա. 2739 թ. հայտնաբերել է Շեն Նուն կայսրը իր ճամփորդություններից մեկի ընթացքում: Նրա ձեռքին տաք ջրով լի աման է եղել, որի մեջ պաատահմամբ ծառից երկու տերև է ընկել, և «թեյի վերածել ջուրը»: Իհարկե, սա առասպել է, սակայն մասնագետ-հետազոտողները ևս վստահեցնում են, որ թեյը Չինաստանում տարածում է գտել 5-րդ դարում, որոշ շրջաններում էլ այն օգտագործել են մեր թվարկության նախաշեմին: Այս դիտարկումը ապացուցել է չինական հնագույն արձանագրությունը, որն արվել է մ.թ.ա. 59 թվականին և ներկայացնում է թեյապատրաստման գործընթացը:

Սակայն չինացի հնէաբանների նոր գտածոն ցույց է տալիս, որ Չինաստանում թեյի ավանդույթներն էլ ավելի խորը ծագում ունեն՝ մ.թ.ա. 2-րդ դար հասնելով: Չինացի կայսր Լիու Կիի, որը Հան դնաստիայից էր և մահացել է մ.թ.ա. 141 թ., գերեզմանի պեղումների ժամանակ Չինաստանի գիտությունների ակադեմիայի հոտազոտողները թեյի հին տերևներ են գտել, որոնք տեղադրված էին մահացածի գերեզմանում, որպեսզի նա հանդերձյալ աշխարհում ևս կարողանա վայելել իր սիրելի ըմպելիքը:
Չորացած տերևների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Camellia sinensis տեսակի թեյի ծառին, որն աճում է արևմտյան Տիբեթում: Դրանից ելնելով կարելի է եզրակացնել, որ արդեն մ.թ.ա. 2-րդ դարում Չինաստանում տարածված էր թեյի առևտուրը: Ըմպելիքը Տիբեթյան նախալեռներից հասցնում էին մինչև աշխարհի տարբեր կետեր: Հետևաբար վստահորեն կարող ենք ասել, որ մարդիկ թեյ էին օգտագործում 2200 տարի առաջ ևս:




