Սև հաղարջի տերևը և բողբոջն օգտակար նյութերի պարունակությամբ քիչ են զիջում պտղին` մինչև 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։

Բողբոջը մթերեք վաղ գարնանը, տերևը` նախքան պտղի հասունանալը, չորացրեք 35-40 C ջերմաստիճանում։ Տերևն ունի քրտնամուղ և միզամուղ հատկություններ, խթանում է մակերիկամների աշխատանքը, հեռացնում է օրգանիզմից միզաթթուն և պուրին պարունակող միացությունները։ Լայնորեն կիրառվում է վիտամինային թեյերի, թթուների և մարինադների, ոգելից և այլ ըմպելիքների պատրաստման համար։

Գինի

Խաղողի գինի պատրաստելիս (չոր «Արենի») հումքի մեջ ավելացրեք 0,5 տոկոսի չափով սև հաղարջի տերև։ Խմեք 25-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

Ավիշի շրջանառությունը խթանող

Հայտնի է, որ մարդու օրգանիզմում արյունը կազմում է մոտ 4-5 տոկոս, իսկ ավիշը` 2-3 տոկոս։ Սև հաղարջի տերևի թուրմը խթանում է ավիշի հոսքը վերջույթներից դեպի վեր։ 2 ճ/գ թարմ հումքը (1 թ/գ չոր) թրմեք 10-15 րոպե 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 4-5 անգամ։

Ոտնաթաթի ոսկորի գերաճ

Խառնեք սև հաղարջի և գետնամորու տերևներ, մատիտեղ թռչնի խոտ (2։2։1)։ 1 ճ/գ հումքը 60 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ օրը 4 անգամ։ Շարունակեք 1-2 ամիս։ Պահպանեք չափաբաժինը։

Երեկոյան կատարեք ոտնաթաթի լոգանք խատուտիկի խոտի եփուկով (2 ճ/գ, 1 լ եռջուր, 15 րոպե)։ Քնելուց առաջ քսեք արջի յուղ։

Վիտամինային թեյեր

Խառնեք կարմիր արոսենու պտուղ, եղինջի և սև հաղարջի տերևներ (2։2։3)։

1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ օրը 4 անգամ։ Օգտակար է մազաթափության դեպքում։

Խառնեք հավասար քանակությամբ կեչու, սև հաղարջի, սև հապալասի տերևներ։ 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ նախաճաշից և ընթրիքից առաջ։ Ունի ուժերը վերականգնող ազդեցություն։
Խառնեք մասուրի պտուղ և սև հաղարջի տերև (1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 4 ժամ թրմեք, քամեք թանզիֆով։ Խմեք 50-ական մլ օրը 5 անգամ։ Սև հաղարջի տերևը կարելի է փոխարինել նույն քանակի պտղով։

Օգտակար վիտամինային ըմպելիք տղամարդկանց համար

Խառնեք սև հաղարջի չորացրած պտուղ և մանրացրած տերև, 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 4 անգամ մեղրի հետ։

Միզաքարային հիվանդություն` պիելոնեֆրիտ, ցիստիտ

Խառնեք սև հաղարջի բողբոջ և տերև (1։4)։ 5 ճ/գ թարմ (կամ 3 ճ/գ չոր) հումքը 1 ժամ թրմեք 1 լ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաև այտուցների, մրսածության, հոդատապի, ռևմատիզմի դեպքում։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օրից։

Դիաթեզ

Մանրացրած տերևը 15 րոպե եփեք 3 լ ջրի մեջ, խառնեք լոգանքի ջրին, լողացրեք երեխային։ Օգտակար է նաև ռախիտի դեպքում։

Շաքարային դիաբետ

Մթերեք սև հաղարջենու մատղաշ ճյուղեր, մանր կտրատեք, չորացրեք։ 2 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ, ընդմիջեք 10 օր, կրկնեք մի քանի անգամ` ըստ անհրաժեշտության։

Հելմինտոզ

Խառնեք վարունգի, սև հաղարջի, խնձորի և գրեյպֆրուտի հյութեր (2։2։1։1)։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։

Ջերմիջեցնող

Խառնեք 1-ական ճ/գ մասուրի, ազնվամորու, սև հաղարջի պտուղներ, 15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Հիպերտոնիա

100 գ չորացրած պտուղը թրմեք սառը ջրի մեջ, կերեք 50-ական գ օրը 2 անգամ։

Լյարդի և լեղապարկի հիվանդություններ

Խառնեք հավասար քանակությամբ սև հաղարջի պտուղներ և մեղր։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք մի քանի ամիս։

Դիսբակտերիոզ

Սև հաղարջի թարմ պտուղը ճնշում է աղիներում նեխում առաջացնող բակտերիաների աճը։

Չորացրած պտղի եփուկը ճնշում է Պրոտեի մանրէների աճը։
Կոկային ֆլորայի աճը կանխարգելում են սև հաղարջի հյութը և չորացրած պտղի եփուկը։

Էնտերոկոլիտ, լուծ

Խմեք 50-ական մլ սև հաղարջի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Եփուկ. 20 գ չորացրած պտուղը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք։ Խմեք 1-ական ճ/գ օրը 4 անգամ։

Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ, 12-մատնյա աղու, ստամոքսի խոց

Խմեք 30-ական մլ սև հաղարջի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել