Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 26 հարց է. 17-ը չզեկուցվող են, մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում ներառված հարցերից են Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը, Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին նախագիծը:
Նախատեսված է հաստատել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, ըստ որի՝ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախա­տես­ված 458,118.0 հազ. դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը:
Կքննարկվի նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել