Լյուքս Ստեփանյանի հայրը հերքել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Ավելի վաղ «Ժողովուրդը» հրապարակել էր «Ծեծել են լկտիաբար» հոդվածը, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխող հարազատները ծեծի ենթարկվել:
Այդ հոդվածում մեջբերված էր Լյուքս Ստեփանյանի հոր խոսքը. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»:
Այժմ էլ Աշխարհիկ Ստեփանյանը հայտարարում է հետևյալը. «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են, ես ի՞նչ ասեմ: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ: Ինչ եղել էր, եղավ պրծավ»:
Ինքս հակված եմ այն տարբերակին, որ Աշխարհիկ Ստեփանյանին և նրա համագյուղացիներին խփել են այդ օրը, բայց համենայն դեպս հրապարակված տեսանյութերից, որ հետո Ստեփանյանների մտերիմներն էին նկարել, երևում է, որ մարդիկ իրենք էլ այդքան հլու-հնազանդ չէին, ու իրենք էլ պակաս չէին ծեծել իրենց ծեծողներին՝ գտնվելով աֆեկտի տակ:
Հիմա, երբ արդեն կրքերը հանդարտվել են, ու վերադարձել է ողջամտությունը, մարդիկ հետևություններ են արել ու էլ չեն ուզում, որ այս պատմությունը շահարկվի լրատվամիջոցների ու քաղաքական ուժերի կողմից: Մարդը պարզ ու կոնկրետ ասում է. «Ինչ եղել էր, եղավ պրծավ»...
Հուսով եմ՝ այսքանով այս մարդկանց հանգիստ կթողնեն իրենց վշտի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/260921844046191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել