Կարտոֆիլի հյութ՝ հուսալի դարման
Այս արմատապտուղը ոչ միայն ախորժելի մթերք է, որից բազմաթիվ ճաշատեսակներ կարելի է պատրաստել, այլև բանջարեղեն, որի թարմ հյութը հազար ու մի հիվանդություն է բուժում:
Այն օգտագործվում է որպես ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հիվանդությունները դարմանելու բնական միջոց: Կարտոֆիլի արժեքավոր բաղադրությունն օգնում է գլխացավի ու խոցերի դեպքում, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ:
Կարտոֆիլի հյութ․ օգո՞ւտ, թե՞ վնաս
Պատմության չափանիշներով կարտոֆիլի մասին բոլորովին վերջերս են իմացել: Պերուից այն Իսպանիա է տարել կոնկիստադոր, պատմաբան ու հոգևորական Պեդրո Սյեսա դե Լեոնը (1518-1554): Սկզբում այն ընդունվել է որպես դեկորատիվ բույս ու միայն 200 տարի անց է սկսել օգտագործվել սննդի մեջ:
Կարտոֆիլը ոչ միայն որպես արժեքավոր մթերք է օգտագործվել, այլև դրանով էկզեմա, այրվածք, մաշկային հիվանդություններ են բուժել, կիսած արմատապտուղը դրել են հիվանդ տեղին: Ավելի ուշ ժողովրդական բժիշկները գլխի ընկան, որ կարելի է հյութը քամել ու խմելով մի շարք հիվանդություններ բուժել: Թարմ կարտոֆիլի հյութում մեծ քանակությամբ С, В, РР, К խմբի վիտամիններ կան, սպիտակուց, օսլա, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում ու կարատինոիդներ:
Թարմ կարտոֆիլի հյութն այսօր կիրառվում է այնպիսի հիվանդություններ բուժելու նպատակով, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, գաստրիտը, գլխացավը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը, շաքարախտը, միոման և այլն: Կիրառվում է նաև որպես օրգանիզմը մաքրող միջոց:
Հակաբորբոքային, վերքը սպիացնող, ընդհանուր ամրապնդող ու միզամուղ հատկություն ունեցող թարմ կարտոֆիլի հյութն այնքան էլ հաճելի չէ, ուստի առաջարկվում է օգտագործել խնձորի, գազարի հյութի հետ, սակայն այս դեպքում դրա բուժիչ ազդեցությունը թուլանում է:
Ինչպես պետք է կարտոֆիլի հյութ պատրաստել
Կարևոր պայման է, որ կարտոֆիլը լինի մատղաշ կամ գոնե չթոշնած, հարմար է վարդագույն տեսակը: Կարտոֆիլը պետք է լավ լվանալ խոզանակով ու կեղևով հյութաքամիչով քամել: Պետք է օգտագործել «անարատ»՝ առանց պեստիցիդների, չվնասված արմատապտուղները:
Մեկ այլ տարբերակ էլ կա. կարելի է կարտոֆիլը քերել ու երկտակ թանզիֆով քամել ու դնել մի կողմ, որ օսլան նստվածք տա, ապա ոչ մեծ կումերով խմել ուտելուց մեկ ժամ առաջ: Հյութը խմելուց հետո ցանկալի է աջ կողմի վրա պառկել (ստամոքսի խոցի դեպքում):
Կարտոֆիլի թարմ հյութը պետք է խմել քամելուց հետո 10 րոպեում: Արևի լույսը հյութի հանքանյութերն ու վիտամինները քայքայում է, ուստի չի կարելի թողնել լույսի տակ:
Կարտոֆիլի հյութը խմելուց հետո հնարավոր է` կոկորդում քերոցի զգացում առաջանա սոլոնինի ազդեցությամբ: Այդ վիճակը վերացնելու նպատակով կարելի է խնձորի կամ թուրինջի հյութ խմել:
Ի դեպ, կարտոֆիլի հյութի բուժիչ ազդեցությունը ո՛չ միայն ժողովրդական, այլև պաշտոնական բժշկությունն է ընդունում: Նշենք նաև, որ թարմ հյութը ցավազրկող, փորը թուլացնող, սպազմալիտիկ, հակաբորբոքային հատկություն ունի, ջրա-աղային հավասարակշռությունն է վերականգնում, հեմոգլոբինի մակարդակը պահպանում, երիկամների ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կանոնավորում: