Այսօր կառավարության արտահերթ նիստին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ այսպես ասած «խոպանչիների հարկման» նախաձեռնությանը:  

«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Բացառվում է այդպիսի բան»,- ասաց նա: Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում՝ քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կան:

Նա վստահեցրեց, որ  միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել։ ««Խոպանչիներին հարկելու» նախաձեռնության օրինակի դեպքում աղավաղվել է ու սխալ է մեկնաբանվել այն։ Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց նա։ 

Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ սրան։ «Նույնիսկ եթե կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահել, որ որևէ մեկն իր եկամտից, ասենք, օրինակ, ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից արդեն հարկ է վճարում ու փոխանցվում է Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում,- ասաց նա և նշեց, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի։-
Կտեսնենք՝ ինչքան դրական կողմեր ունի, ինչքան բացասական»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ այս հարցն այլ նրբերանգներ, մանրամասներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել