Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը.

1. Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ,
2. Իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով, 
3. Կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով։ 

Այս ամենով հանդերձ՝ իշխող ուժը խաթարում է պետության շուրջ հանրային պայմանագրի բովանդակությունը, դրա սոցիալական, քաղաքական արադարության սկզբունքը: Հասարակությունները պետություն ստեղծում են, որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականությունների միջոցով ու պետական ու տեղական իշխանությունների կողմից իրենց մատուցվեն սոցիալականից մինչև անվտանգային ու պաշտպանական լավագույն ծառայությունները: Պետության կողմից իր գործառույթների պատշաճ կատարման ձախողման արդյունքում խոպանի ինստիտուտը սոցիալական-տնտեսական ոլորտում մի բան էլ ավել իր վրա է վերցրել պետության բեռի զգալի հատվածը՝ ի դեմս բյուջեին հավասար երկիր ուղարկվող մասնավոր տրանսֆերտների, թեպետ պետություն ստեղծելու հիմնական պայմանագրով նա այդ պատասխանատվությունն էլ չունի ու կարող էր չունենալ: Այժմ պետությունը նրան ասում է՝ ավելացրու քո բեռը:

Սա պետության շուրջ հայ հասարակության կնքած քաղաքական պայմանագրի սոցիալական ու այլ տեսակի արդարության սկզբունքի խեղում է, պետության կողմից փախուստ իր պայմանագրային պատասխանատվությունից ու պարտավորություններից: Սրա հետևանքն արդեն տեսանելի դիսկուրսն է այսպիսի փիլիսոփայությամբ, անարդարությամբ պետություն ունենալու նպատակահարմարության, մնալ-գնալու շուրջ:

Հիշեցնեմ, որ իշխող քաղաքական ուժի անվանումն էլ «Քաղաքացիական պայմանագիր» է:

Մի արեք նման բան: Սա ուղղակի պետության սիտուացիոն ու անհեռանկար կառավարման դրսևորում է ու ոչ մի խնդիր չի լուծելու այն դեպքում, երբ ճանապարհը ստրատեգիական ու պրոֆեսիոնալ կառավարումն է, որի համար սկսում են երկրի տեսլականի, տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերի ու դրանց ճանապարհային քարտեզների ընդունումից: Իսկ այս փիլիսոփայությամբ ոչ միայն իշխանությունը, այլև երկիրը հեռու չի գնա: 

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել