Նախ փորձ էր արվում քարոզել, թե Հայ եկեղեցու հիմքերը քանդելու քարոզ է տարվում, հետո ակամա ընդունեցին, որ դժգոհությունները պայմանավորված է եղել զուտ Գարեգին Բ-ով, ու որպեսզի իրենց մանիպուլյացիային որոշակի «հիմք» հաղորդեն, հայտարարեցին, թե «Կաթողիկոսին Աստվածն է ընտրում» և հասարակ մահկանացուներն իրավունք չունենք նրան դատելու:
Նախ` այս տրամաբանությունն որդեգրելով Գարեգին Բ-ին ոչ միայն պետք է թիկնազոր հատկացնել, այլև` Սահմանադրության անփոփոխ դրույթներին պետք է ավելցանել ևս մեկը, այն է` «Կաթողիկոսն օժտված է բացարձակ և անքննելի անձեռնմխելիությամբ»: Ավելին, այդ տրամաբանությունն աներկբա պահանջում է նաև, որ նմանատիպ անձեռնմխելիությունը տարածվի բոլոր եկեղեցականների վրա, չէ որ ցանկացած եկեղեցականի դեմ ձևավորվող դժգոհությունը շատ հանգիստ կարելի է մեկնաբանել որպես բողոք` Հայ եկեղեցու դեմ: Ու, ընդհանրապես, այդ տրամաբանությունից ելնելով, Պետության գլուխ պետք է համարվի Կաթողիկոսը:
Ի դեպ, հիշեք, թե ՀՀԿ-ն և իր սպասարկուները տարիներ շարունակ ինչ քարոզ էին տանում: 10 տարի առաջ հայտարարվում էր, թե ընդդիմությունը պայքարում է պետության ինստիտուտների դեմ` քայքայելով դրանց հիմքերը, հետո հայտարարում էին, որ Պետության նախագահը պետական սիմվոլներից մեկն է, ուստի` նրա դեմ պայքարել նշանակում է` պայքարել Պետության դեմ, իսկ վերջում էլ ասում էին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: