Armtimes.com-ը գրում է.

«Լույս» հիմնադրամն արձագանքել է մեր՝ ««Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են»  հրապարակմանը՝ վստահեցնելով, որ գործելու է ի շահ հայրենիքի: Պատասխան տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի՛ խմբագրություն

Զարմանքով ու ցավով ենք ծանոթացել «Հայկական ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի էլեկտրոնային էջերում ««Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են» ապակողմնորոշող վերնագրով ու մտահոգիչ բովանդակությամբ հոդվածին։

Մեջբերելով Լույսի համայնքին հասցեագրված եւ հիմնադրամի կայքում նոյեմբերի 9-ին հրապարակված տեղեկատվության առանձին, կոնտեքստից կտրված, կտորներ հերթական անգամ փորձ է արվել անառողջ աղմուկ ստեղծել Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ներդրած հիմնադրամի շուրջ։ Նման գործելաոճը պարզապես անընդունելի է։

Նպատակ հետապնդելով կասեցնել մեր համայնքը արատավորելու` առանձին անհատների փորձերը, ինչպես նաեւ բացառել հասարակական ընկալումներում մեր հիմնադրամի մասին հերյուրանքների տարածումը, ակնկալում ենք սույն նամակի ամբողջական հրապարակումը ձեր կայքում եւ թերթում։

«Լույս» հիմնադրամը երբեք չի դադարեցրել իր գործունեությունը։

Աշխարհի լավագույն 10 համալսարաններում ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրումը մեր գործունեության կարեւոր, բայց միայն մի մասն է։ Բավական է նշել, որ հիմնադրամը նախորդ ինը տարիներին ֆինանսավորել է Հայաստանում բազմաթիվ մշակութային, գիտական եւ կրթական նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք պատիվ են բերում մեր ազգին։

Ընդ որում Հիմնադրամը այժմ էլ շարունակում է շուրջ 70 կրթաթոշակառուների ֆինանսավորումը աշխարհի առաջատար համալսարաններում եւ այդ պարտավորությունը կատարելու է մինչեւ վերջիններիս ուսումնական ծրագրերի ավարտը։

Մենք մեր կրթական ծրագիրը համարում ենք կայացած այնքանով, որ Լույսի շրջանավարտները իրենց դրսեւորել են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս՝ արժանապատիվ աշխատավարձով պատասխանատու աշխատանքների անցնելով թե՛ մասնավոր, թե՛ հասարակական ոլորտներում, ինչպես նաեւ առանձնահատուկ հպարտությամբ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետական կառավարման համակարգում ներգրավված են Լույսի բազմաթիվ շրջանավարտներ այնպիսի առանցքային պաշտոններում ինչպիսիք են օրինակ` ՀՀ վարչապետի խորհրդականը, փոխնախարարներ եւ այլն:

Միաժամանակ հայտնում ենք նաեւ, որ Հայաստանի համար կարեւոր այս փուլում Հիմնադրամի խորհրդի կողմից որոշում է կայացվել Հիմնադրամի ներքո ստեղծել գիտահետազոտական վերլուծական կենտրոն, որի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։ Ունենալով հսկայական մարդկային ներուժ, Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում` երբ մեկը մյուսի հետեւից դադարեցվում է ուղեղային կենտրոնների գործունեությունը, աններելի կլիներ մեր շրջանավարտների սկզբունքային ու ստեղծարար կարողությունները հայրենիքի զարգացմանը ի սպաս չբերելը։

Նոր հարթակում ուղղակի կամ անուղղակի ներգրավված կլինեն ոչ միայն մեր շրջանավարտները, այլ նաեւ վերլուծական եւ գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից եւ թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական եւ հետազոտական գործունեության շրջանակներում։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Լույս» հիմնադրամը իր կրթական ծրագրի շրջանավարտների ռեսուրսը երբեք չի ծառայեցրել քաղաքական, կուսակցական կամ այլ խմբային շահերի։ Անկախ Հոգաբարձուների խորհրդի անդամների կուսակցական պատկանելությունից, ոչ միայն համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ երբեւէ տեղի չի ունեցել քարոզչական ուղղվածության հանդիպում, այլ նաեւ չի եղել ոչ մի շրջանավարտի կամ համայնքի այլ ներկայացուցչի քաղաքական ուղղորդման որեւէ դեպք:

Ցավում ենք երկրում ստեղծված բարձր հուզական մթնոլորտում «Լույս» հիմնադրամի դեմ որոշ անհատների կողմից սկսված արշավի համար եւ հուսով ենք, որ իրենց հնարավոր գործատուները դա եւս հաշվի կառնեն մասնագիտական որակների հետ զուգահեռ։

Եզրափակելով, հուսով ենք, որ հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այսուհետ կձեռնարկվեն անհրաժեշտ լրագրողական ջանքեր` բոլոր հարցերին համակողմանի անդրադարձ ապահովելու նպատակով։

Միաժամանակ հայտնում ենք, որ Հիմնադրամի հետ մշտապես կարող եք կապվել [email protected] պաշտոնական էլ. փոստի միջոցով: 

Հարգանքով,

«Լույս» հիմնադրամ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել