Ցուցակամանիա 5
«Իմ քայլը» ցուցակի մասին
Հիմնական տպավորությունն է՝ ցուցակը չափից ավելի փակ է, չափից ավելի կուսակցական:
Սա ինքնին նորմալ քաղաքական տրամաբանություն է: Մարդիկ ինչ-որ թիմով իշխանություն են վերցրել, իրացրել են հանրության լայն շերտերի տևական պահանջը՝ իշխանափոխություն, և հիմա էլ իրենք իրենց թիմից նախընտրական ցուցակ են կազմել:
Խնդիրը միայն այն է, որ սա հնարավոր երկու տրամաբանություններից մեկն է:
Ինձ համար այց ցուցակի քաղաքական ուղերձն է՝ «հեղափոխությունն ավարտվում է», անցում է կատարվում նորմալ վիճակի:
Հեղափոխական տրամաբանությունը մի քիչ այլ է:
Դա ենթադրում է հանրային վերելքի ալիքի վրա հանրության մոբիլիզացում, հանրային ալիքին կառուցվածք տալը, ավելի լայն ընդգրկում, կուսակցականից դուրս՝ համազգային քաղաքականություն:
Կուսակցականն ինքնին վատ բան չէ, բայց դա անհրաժեշտաբար մասնավոր է:
Հետևաբար ինձ համար հակասություն կա նախկինում հնչեցված թռիչքի, առաքելության, նոր հասարակարգ կառուցելու, Հայաստանը՝ որպես դարերի համար օրինակ դարձնելու իրապես հեղափոխական, և փաստացի ընտրված փակ, կուսակցականի միջև:
Ուզում եմ՝ ճիշտ հասկացվի ասածս:
Աշխարհի վերջ չի լինի, պարզապես, «սովորական քաղաքականության» տրամաբանությամբ, կունենանք նախկինի շատ ցանկալի, բայց թեթև նորոգում: Ես խնդիր չեմ տեսնում, բայց թռիչք, առաքելություն, նոր հասարակարգ, հայկական հասարակագ և այլն, ենթադրում եմ՝ այլ մոտեցում և այլ տրամաբանություն, այլ կառուցվածք, քան տրված է այս ցուցակով:
Գուցե մինչև վերջ չկարողացա բացատրել ասածս: Առիթներ դեռ կլինեն ավելի մանրամասնելու:
Միով բանիվ՝ պահպանողական ցուցակ է, պահպանողական մոտեցում է: Կրկնեմ՝ ցուցակ ասելով ոչ թե մարդկանց նկատի ունեմ, այլ փիլիսոփայությունը կազմելը: Մասնավոր ցուցակ է մասնավոր ուժի մասնավոր գաղափարներն իրացնելու համար:
ՀԳ. Բայց զարմանալիորեն որպես այլ, ոչ մասնավոր տրամաբանության մնացորդ մնացել է դաշինքի ձևաչափը, որն էլ վերածված է մաքուր ձևականության, քանի որ իրական դաշինք չկա: