Սիրելի լրատվամիջոցներ, կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս վերնագրին: Քանի որ գոյություն չունեցող փաստը որպես վերնագիր ներկայացնելը, կարծում եմ, միշտ էլ սխալ է: «Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա»,- այսպես եք գրել:
Այն, որ հրավիրվել եմ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակ, չեմ հերքում: Համաձայնություն եմ տվել, բայց նույնիսկ չգիտեմ էլ՝ որ տեղում եմ, ու առանձնապես չի էլ հետաքրքրում, անկեղծ ասեմ: Խնդիրն անտարբերությունը կամ ձևական համեստությունը չէ, այլ այն, որ երկրի համար դժվար այս հատվածում ուժերիս ներածին չափով պատրաստակամ եմ անել ամեն ինչ, որտեղ իմ կարիքը զգացվի, եթե դա չի հակասում իմ որոշ սկզբունքային մոտեցումների:
Բայց դրա հետ մեկտեղ մի գործոն էլ կա, դա հենց իմ՝ սուբյեկտի գործոնն է: Ես լիովին իրավունք ունեմ ինքս որոշելու՝ կգնա՞մ Ազգային ժողով ընտրվելու դեպքում, թե՞, այնուամենայնիվ, ճիշտ կհամարեմ, որ Հանրայինում իմ գործունեությունն ավելի կարևոր է: Ի վերջո, ես կուսակցական չեմ, հրավիրյալ եմ ու նաև իմ տնօրինության կողմից պատշաճ կերպով տեղեկացված չեմ ո՛չ լրատվականի տնօրենի փոփոխության հնարավորության, ո՛չ էլ դրա անհրաժեշտության մասին:
Նույնիսկ եթե ձեր գրածը լիովին համապատասխանի իրականությանը, ճիշտ չէ էսպես աշխատելը: Ես դեռ տնօրեն եմ ու տնօրեն եմ նաև իմ աշխատողների համար: Ու դեռ հնարավոր է՝ շարունակեմ լինել: Իսկ դուք արդեն նոր թեկնածություններ եք քննարկում: Ու այնպիսի տպավորություն է լրատվամիջոցներից, որ ինձ բան հարցնելը կա՛մ սարսափելի է, կա՛մ զազրելի, կա՛մ անհնար: