Ամառային մի գեղեցիկ օր, Սևանում հանգստանալիս որոշեցի լողալ փոքրիկ մի ծովածոցի «մի քթից մյուսը»: Հայրս ու ամուսինս նայեցին իրար ու ասացին` ո՛չ: Ասացին` ափի երկայնքով լողա, խորը չգնաս: Վախեցրին, թե հոսանք-բան կա, ջուրը սառն է, քամին` ուժեղ, ալիքը` բարձր: Համ էլ, չես կարողանա, ասացին, դու ո՞ւր, մի կիլոմետրից ավել Սևանի սառը ջրերում լողալն ուր:
«Աղջիկ ջան, բա քեզ պե՞տք է», - ավելացրեց սկեսրայրս ու բացեց նարդին:
Փոռ ու փոշման ափով գնացի եկա: «Թե ինչո՞ւ բարձրաձայնեցի, - նեղվեցի ինքս իմ մեջ,- էն կողմից կմտնեի, էս կողմից դուրս կգայի, ոչ էլ կնկատեին...»

Գնացի-եկա, ավազը ոտքերով սրտնեղած տարա-բերեցի, հիշեցի, որ թղթերիս մեջ քանոն կա: Չափեցի քայլերս, երկու քայլս մեկ մետրի չափ էր, ու ափին 50 մետրանոց մի հատված նշեցի` երկու ձող տնկելով:
«Ուրեմն էսպես, - սկսեցի ելույթս, - մտնում եմ ջուրը ու մտնելու եմ խորը, որ ոտքերս գետնին չկպնեն: Ու էս 50 մետրանոց հատվածը քսան անգամ գնալու եմ, գամ, որ համոզվեք, որ կարող եմ»:

Թե ինչքան տևեց` չեմ հիշում: Երևի մի 40-50 րոպե` ես դանդաղ եմ լողում, ընթացքում էլ մի քանի անգամ ջրի վրա պառկեցի-հանգստացա: Շունս ափին աղիողորմ վնգստում էր` փորձելով ինձ աչքաթող չանել, տեգորս տղան «Մա-րի-ամ քու-րիկ» էր վանկարկում, պապաներն ու ամուսինս մերթ ընդ մերթ գոռում էին` կհոգնես, դուրս արի:

Ափ դուրս եկա` հրճվանքից փայլելով: Ճիշտ է, մի տասը րոպե անց կաղամբի գլխի տեսք ունեի, որովհետև սարսափելի դողում էի ու հնարավոր ամեն ինչ քաշել էի վրաս` սրբիչ, ծածկոց, սվիտեր, բաճկոն, ոտքերիս տակ եռման ջրով շիշ էր, ձեռքերումս էլ` տաք թեյ, բայց ոգևորությունս անսահման էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել