Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր:
Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և, ընդհանրապես, հաշմանդամների համար մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի:
Մի քանի օր առաջ ընկերներով զրուցում էինք, խոսք բացվեց կարճատեսության մասին, և ամեն մեկը սկսեց «իր դարդը լացել»՝ նշելով -7, -8 ու նման աստիճանի կարճատեսության դժվարությունների մասին: Դե ես էլ մի քիչ լսեցի ու ասացի. «Վա՜յ, խեղճ երեխաներ...»
Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են, այնպես որ, շնորհավոր բոլորի տոնը:
Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ նոր կյանքով ապրելու հնարավորություն...