Մեր ժողովրդի մի այլ հիվանդություն է նաև խրոնիկ օրինախախտությունը։ Եթե հնարավորություն լինի օրենքը շրջանցելու, խախտելու կամ խաբելու, վստահաբար մեծամասնությունը դրանից կօգտվի։ Եվ բաձարձակ կապ չունի՝ դա անում է օլիգարխը, տաքսիստը, թե չինովնիկը։ Բոլորը օգտվել են, օգտվում են և կօգտվեն այդ հնարավորություններից։ Այդ տեսանկյունից ես թերահավատ եմ, որ ներկա իշխանությունը շատ է տարբերվում նախկինից։ Բոլորս նույն խմորից ենք։ Դա ազգային առանձնահատկություն է, շատ տիպիկ արևելյան երևույթ։
Միջին գերմանացին կամ շվեդն օրենք չի խախտում, որովհետև նա մտածում է, որ պետք է սկսի իրենից։ Մենք և արևելյան ազգերն առհասարակ օրենք չենք խախտում, եթե բոլորը չեն խախտում։ Դա շատ լավ երևում է ճանապարհային կանոնների վրա։ Մինչև բոլորին չսկսեցին ստիպել և տուգանել ամրագոտի գցելու համար կամ զեբրային հետիոտնին զիջելու համար, ոչ ոք դա չեր անում։
Պետք է հետևողականորեն ստիպել հարգել օրենքները բոլոր հնարավոր միջոցներով՝ տուգանել, դատել, նստեցնել՝ կախված, իհարկե, կատարած օրինախախտության ծանրությունից։ Այո, դա կբերի բողոքների, որոշ դեպքերում՝ նույնիսկ միտինգների, սաբոտաժների և կատաղի քննադատության։ Բայց եթե տարիներ շարունակ և հետևողականորեն այդպես չարվի, ապա այդ արատները երբեք չեն վերանա։
Պետք է անել այն, ինչ ճիշտ է երկրի համար, ոչ թե այն, ինչ ուզում է ժողովուրդը։ Եվ դա պետք է անի կառավարությունը։
Ի դեպ, նույն մենք, գտնվելով արտասահմանում, դառնում են տեղացիներից էլ ավելի օրինապաշտ հենց այն պատճառով, որ գիտենք՝ պատժվելու ենք։