Մեզնից յուրաքանչյուրն էլ իր կյանքում կոնֆլիկտների մեջ մտել է: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ շրջանները կյանքում կրկնվելու սովորություն ունեն, չնայած մեծամասնությունն ամեն ինչ անում է դրանցից խուսափելու համար:
Միջազգային կարգի բժիշկ-հոգեթերապևտ, գիտությունների թեկնածու Միխայիլ Լիտվակը մշակել և առաջինն է սկսել իր պրակտիկայում կիրառել մարդկանց փոխհարաբերություններում ծագած կոնֆլիկտների լուծման համակարգ, որը ստացել է «հոգեբանական այկիդո» անվանումը:
Եզրակացությունները, որոնց նա հանգեց բազմաթիվ հետազոտությունների ու իր երկարամյա հաջողակ գործունեության ընթացքում, երբեմն ապշեցնում են: Դրա շնորհիվ մենք զտում ենք մեզ անհանգստացնող և անպիտան բաները, որոնք մեզնից խլում են շատ ուժեր, էներգիա, երբեմն էլ՝ առողջություն՝ դրանով իսկ ձեր ժամանակն ու պոտենցիալն ուղղելով այն բաների վրա, որոնք իրականում կարևոր ու թանկ են, լինի դա ընտանիք, հարաբերությունների վերականգնում, կարիերա կամ առողջություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի հոգեբանի 21 խորհուրդները, որոնք կօգնեն շատ կենսական հարցեր լուծել:
- Ոչ ոք ոչ մեկին չի լքում: Պարզապես ինչ-որ մեկն ավելի շուտ է գնում: Ով հետ է մնում, համարում է, որ իրեն լքել են:
- Կրծիր գիտության գրանիտը, այլ ոչ թե՝ կողքինիդ կոկորդը, եթե այդքան շատ ես ուզում ինչ-որ բան կրծել:
- Ընկճախտը հենց նրա համար էլ տրվել է մարդուն, որ նա մտածի իր մասին:
- Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան չի կարողանում ասել, բայց շատ է ուզում, նա սկսում է վատաբանել ուրիշներին:
- Եթե դուք ձեր մասին լավ կարծիք ունեք, ձեր ինչի՞ն է պետք նաև ինչ-որ մեկի լավ կարծիքը:
- Արա, ինչ ուզում ես, ու թույլտվություն մի հարցրու: Բա որ հանկարծ մերժե՞ն…
- Ավելի լավ է շփվել լավ գրքի, քան դատարկ մարդու հետ:
- Սիրելու ու միայնությունը լավ տանելու ունակությունը հոգևոր հասունության ցուցիչ է: Յուրաքանչյուր լավագույն բան մենք անում ենք, երբ միայնակ ենք:
- Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը, բայց ես գիտեմ դեպի անհաջողություն տանող ուղին. դա բոլորին դուր գալու ցանկությունն է:
- Չկա կանացի կամ տղամարդկային տրամաբանություն: Կա գրագետ դատելու կարողություն կամ անկարողություն:
- Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, նայիր հայելու մեջ: Գլուխ հանիր նրանից, մնացածներն իրենք կփախչեն:
- Ընկերների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ շփվելը՝ օգտակար:
- Հարաբերություններին վերջ դնելու ու աշխատանքից ազատվելու մեկ հարգելի պատճառ կա՝ ստեղծված իրավիճակում անձնական աճի անհնարինությունը:
- Ոչ հասուն անձնավորությունը հաճախ գիտի, բայց չի կարողանում: Հասունը ոչ միայն գիտի, այլև կարողանում է: Այդ պատճառով էլ ոչ հասուն անձնավորությունը քննադատում է, իսկ հասունը՝ կատարում:
- Թե բարեկամների, թե թշնամիների հետ կիսվիր միայն ուրախությամբ: Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ՝ կվշտանա:
- Մի ընկիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, ուր այն կա: Եվ երջանկությունն ինքը քեզ կգտնի: Կարող եմ հուշել այն վայրը, ուր ապրում է երջանկությունը. դա դու ինքդ ես: Իսկ դեպի երջանկություն ընկած ճանապարհը քո բոլոր ընդունակություններն առավելագույնս զարգացնելն է:
- Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության կողմնակի էֆեկտն է:
- Եթե դու ինչ-որ մեկին ինչ-որ բան ես ուզում ապացուցել, ուրեմն դու ապրում ես նրա համար, ում դա ուզում ես ապացուցել: Եթե դու ապրում ես քեզ համար, ապա այդ ժամանակ անհրաժեշտություն չկա որևէ մեկին որևէ բան ապացուցել:
- Երազանքները մեր ունակությունների ձայներն են:
- Պարզապես պետք է մտածել, թե ինչպես իրականացնել երազանքը: Այստեղ գլխավորը չշտապելն է, այդ ժամանակ բավականին շուտ կստացվի ամեն ինչ: Շատ լավ է, եթե մարդը կարողանում է ինքն իրեն ասել՝ ես միայն զբաղված եմ իմ երազանքներն իրականացնելով:
- Հասիր հաջողության ու կմոռանաս վիրավորանքների մասին: