Այս վերջին մի քանի օրերին տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ խոսեցին հնարավոր սոցիալական բունտի մասին: Սա մի կողմից իրատեսական է, մյուս կողմից` ոչ: Կա՞ն արդյոք սոցիալական բունտի առաջացման նախադրյալներ. հաշվի առնելով գնաճի տեմպը, բնական աղետները և սոցիալական լարվածությունը, ապա կարելի է համաձայնել այն տեսաբանների ու քաղաքական գործիչների հետ, ովքեր մտածում են, որ կլինի սոցիալական բունտ: Սոցիալական բողոքների կուտակումն ու խտացումը կարող են առաջացնել միասնական ու նաև ոչ կազմակերպված պայքար, որը կհանգեցնի լարվածության վերջնական բումի: Այս տարիներին բազմաթիվ քաղաքական փորձեր` հասնել իշխանափոխության, դատապարտվեցին անհաջողության զուտ մեկ տրամաբանությամբ` չկար նախ վստահություն ներշնչող ու մինչև հաղթանակ պայքարող ընդդիմադիր առաջնորդ, և իշխանությունն ավելի ճկուն ու խորաթափանց գործեց:
Կան տեսաբաններ, ովքեր պնդում են, որ մեր պատմության ընթացքում մենք երբեք սոցիալական բունտի չենք դիմել, նախ դա սխալ տեսություն է, այն պարզ պատճառով, որ չունենալով պետականություն՝ բացառվում էր որևէ բունտ, ու պայքարն ընթացել է միայն ազատագրական ուղղվածությամբ, բայց արդեն ունենք երկու տասնամյակից ավելի անկախ պետություն, և այդ պետության քաղաքացին, բնակիչը միայն մի նպատակ ունի` հասնել սոցիալական արդարության: Արդարության պակասը՝ ահա այն նախադրյալը, որ կարող է պայքարի հանել ժողովրդին: Սոցիալական բունտի բացառող տարբերակներից մեկն է արտագաղթը: Մեր շինարար հատվածը դարեր շարունակ որոշում է կայացրել հօգուտ արտագաղթի: Դա չի կարելի բնորոշել որպես փախուստ խնդիրներից, այլ ուղղակի բնույթով երբեք քանդելու, վառելու, սպանելու կողմնակից չլինելով, շինարարը, շինականը մեկնել է այնտեղ, որտեղ իրեն կտան հնարավորություն կառուցելու, արարելու: Այնուամենայնիվ մտածել, որ չկա մարդ՝ չկա արտագաղթ և հեղափոխություն, դա կլինի կործանարար հենց այդպես մտածողների համար, ուստի պետք է անել ամեն ինչ՝ մեր երկրում վերացնելու ոչ միայն սոցիալական լարվածությունը, այլև ամենաառաջնահերթ խնդիրը՝ դեմոգրաֆիկական խնդիրը, որպեսզի խուսափենք մեռնող, վերացող պետություն դառնալու կարգավիճակից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/537979782903741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել