ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ Օրաթերթում 29.05.13 լույս է տեսել հարգարժան ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ իմ հարցազրույցը։ Այնտեղ շարադրված են իմ մտածումները մեր ներկայի, մեր անցյալի և ընդհանրապես մեր մասին։ Կան նաև պատասխաններ որոշ մտավորականների ուղղյալ, որոնց «բացառիկ» կարծիքով Հայ Առաքելական Եկեղեցին եղել է ապազգային և ոչինչ չի արել իր Ազգի և Հայրենիքի համար։ Կուզեմ, որ նրանք անպայման կարդան և հասկանան, որևէ նյութի մասին խոսելուց առաջ նախ կարիքը կա այն սերտելու, ծանոթանալու, ապա նոր միայն կարծիք հայտնելու։ Հարկավոր է վերջապես հասկանանք, որ մեր Սրբազան Մայր եկեղեցին միշտ կանգնած է իր անքակտելիությունը հանդիսացող ժողովրդի կողքին։ Եվ մեր միասնականությունն է, որ պիտի արժևորի նաև մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։ Կարդացեք, վստահ եմ՝ կլինեն նաև անձինք, որոնք կուզենան քննադատել։ Քննադատեք, բայց մի դատափետեք։ Կուզեմ՝ խոսքի մեջ ոչ թե զգացմունքայնությունը լինի իշխողը, այլ՝ միտքը և տրամաբանությունը։
ՄՍՐԱՄԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ
Հարցազրույց ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ
-Երբ վտանգ է սպառնացել հայ ժողովրդին, հնչել են մեր եկեղեցու զանգերը` ե՛ւ որպես զգուշացում, ե՛ւ որպես պայքարի կոչ: 1918-ի մայիսի 22-29-ը Արագածի լանջերից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սեւան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Հայր Կոմիտաս, հիշենք դրվագներ մայիսյան ազատամարտից:
-Սարդարապատի ոգին եւ պայքարի ուժը Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցն էր, նրա հրահանգով է, որ անդադրում հնչեցվում են եկեղեցիների զանգակները՝ ահազանգելով` եթե դու չնահատակվես, նահատակվելու է քո երկիրը:
Չմոռանանք մի փաստ, երբ Արամ Մանուկյանը Հայոց կաթողիկոսին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սեւանա լճի շրջան, նա պատասխանում է. «Ո՛չ, ես պետք է մնամ Էջմիածնում, եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, եւ հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Այսինքն՝ հայ զինվորները գիտեին, որ Հայոց կաթողիկոսը կանգնած է իրենց թիկունքում: Սա այն դրոշն էր, որ ամեն մի հայ զինվոր պարզեց իր հոգում` ընդդեմ թշնամու, ու կարողացանք մի ափ ժողովրդով դուրս գալ թուրքական ուժերի դեմ՝ պաշտպանելով մեր սրբություն սրբոց հայրենիքը` Հայոց աշխարհը:
-Քիչ է խոսվում, որ հերոսամարտի համաժողովրդականությունը ապահովվել է շնորհիվ մեր հոգեւոր հայրերի, որոնք գնում էին գյուղերը, ոգեշնչում գյուղացիներին, հայոց բանակի զինվորներին, ներկայացնում թշնամու նպատակները, հայության գլխին կախված վտանգը։
-Այդ գործում իր բացառիկ դերն է ունեցել Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հատուկ հրահանգ էր տվել` խանդավառել, ոգեկոչել ժողովրդին, բացատրել, որ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: Հարյուրամյակների փորձառություն ունեցող հայ հոգեւորականությունը գիտեր, որ Արեւմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունից հետո եթե խոնարհվեր Արեւելյան Հայաստանը, դա կլիներ մեր ժողովրդի վերջը:
Գարեգին եպիսկոպոսի մասին Ս.Վրացյանը ժամանակին գրել է. «Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը իբրեւ նոր ժամանակների Ղեւոնդ երեց շրջում էր մի մասից մյուսը եւ իր հրաշունչ ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը»:
Գարեգին եպիսկոպոսը հայկական գունդն օծում է որպես մահապարտների գունդ եւ նրանցից երդում ստանում` կռվել աննահանջ։ Նա եւ Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոսը, խաչը պահած, անցնում են զորքի գլուխ եւ հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանի հետ հայ զինվորներին առաջնորդում մարտի։
-Պատմությունից է հայտնի. երբ թշնամին նպատակ է ունեցել թուլացնել մեր երկիրը, իր հարվածն ուղղել է հայոց ինքնության հենասյուներին` պետությանը, եկեղեցուն ու լեզվին: Նժդեհի հայտնի խոսքերն են. «Այն անձը, ով իր կռիվը Հայոց եկեղեցու դեմ է ուղղում, կնշանակի՝ պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ»:
-Հազարամյակներ առաջ այս երեւույթի բացատրությունը տվել է մեր «Ջոջաց տունը», «Սասնա ծռերը»: Ահա թե ինչ է դյուցազներգությունը մեզ սովորեցնում. երբ հայի ուժը կիսվում է օտարի հետ, նրանից ծնվում են միայն մսրամելիքներ. Մսրա Մելիքի հայրը հայ էր, բայց մայրը՝ արաբուհի...
Իսկ մեզանում այսօր չեն պակասում մսրամելիքները, որոնք, ապրելով մեր մեջ, գործում են ընդդեմ հայի: Նա ով ասում է, թե ես հայ եմ, դեռ ինձ համար հայ չէ, որովհետեւ անունը չի որոշում անձի էությունը: Ազգանվան մեջ «յան» մասնիկը որքանո՞վ է պաշտպանում «յան»-երի` հայ ժողովրդի շահերը: «Յան» ազգանունը դեռ քիչ է հայ համարվելու համար, «յանը» պետք է էությունդ լինի:
Ինձ համար հայը նա է, ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով: Իսկ նրանք, ովքեր գործում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ նրա ինքնության հենասյուների, ինձ համար դավաճաններ են: Այդ մսրամելիքների աղեղն այսօր ուղղված է հայ ժողովրդին ոչնչացումից պաշտպանող կղզյակի, այն է` Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ: Նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հայ ազգի դեմ, լավ են գիտակցում` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուց, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց, եւ նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել:
Այստեղ մի կարեւոր հարց մենք պետք է պարզենք. ունե՞նք ազգային պետություն, թե՞ ոչ: Եթե մեր պետությունն ազգային է, ուրեմն մեր ղեկավարությունը պետք է շահագրգիռ լինի մեր ազգային արժեքների պաշտպանմամբ: Դժբախտաբար, այս հարցում ակնհայտ է անհոգությունն ու անտարբերությունը:
Մենք տակավին չենք հասկանում, թե ուր է նավարկում մեր նավը, չենք հասկանում, որ անկախությունը միայն կենացներ ու բաժակաճառեր չէ: Երբ Քաջազնունին պետք է մեկներ Ամերիկա օգնություն խնդրելու հայոց համար, չուներ համապատասխան վերարկու, եւ նրան պետական գանձարանից գումար է հատկացվում: Վերադառնալուն պես նա անմիջապես իր աշխատավարձից վճարում է վերարկուի գումարը:
Իսկ այսօր պետական գումարներով իրենց հաճույքի համար պալատներ ու «մերսեդեսներ» են գնում: Պետություն ղեկավարել չի նշանակում սեփական գրպանիդ տարողությունը մեծացնել, այլ հավաքական կյանքը զորացնել: Միայն այդ դեպքում աղանդը չի ուժեղանա, հայ մարդն էլ թույլ չի տա, որ իր զավակը դառնա Կոմայգու միասեռական, աղջիկն էլ՝ մարմնավաճառ:
Մարկոս Ավրելիոսը հրաշալի խոսք ունի. «Եթե ուզում ես տվյալ երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ սերմանիր անբարոյականություն»: Սերիալները, որոնք փառաբանում են գող գոքորներին, հովոներին կամ անբարոյականներին, երբ երեխայի ո՛չ հայրն է հայտնի, ո՛չ մայրը, ի՞նչ են սովորեցնում հայ երիտասարդին:
Խոսում ենք մեր հաղթանակներից, բայց չունենք գեթ մեկ ֆիլմ նվիրված Շուշիի ազատամարտին կամ Մոնթեին, Աշոտ Ղուլյանին, Լեոնիդ Ազգալդյանին ու մեր մյուս փառապանծ հերոսներին: Սրանո՞վ ենք պահում Մայիս 28-ի ոգին:
Հայ մարդու մեջ խաթարվել է հայի բարոյական կերպարը, քանի որ հայը հեռացել է իր եկեղեցուց, կորցրել իր սրբություններին տեր կանգնելու գիտակցումը: Դարձել ենք գաղափարախոսությունների ծայրահեղ հետեւորդ. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ պատճառն այն է, որ իրականում ինքներս մեզ չենք ճանաչում: Արեւմուտքից եկած ինչ «աղբաման» տեսնում ենք, հայտնվում ենք մեջն ու հայտարարում, թե կրողն ենք այդ «արժեքների»:
Բայց Արեւմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում, Արեւմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, եւ ոչ թե այս «աղբամանային Արեւմուտքը», որի կրողն ենք դարձել: Երբ հրեաները զգացին իրենց կործանումը, ստեղծեցին հրեա ժողովրդի քաղաքական ծրագիրը, ուր նաեւ զգուշացվում է` քո մեջից մսրամելիքներ չծնե՛ս: Սա ազգապահպանման ձեւ է:
Հայերս ունե՞նք մեր ծրագիրը` ոչ, փոխարենը տարվել ենք «համաշխարհային», «մարդասիրական» վերացական գաղափարներով:
-Մեր պատմության ամեն մի հերոսական դրվագը նաեւ դաս պետք է լինի մեզ համար: Ո՞րն է Մայիս 28-ի դասը, ազգապահպանման մեր բանաձեւը:
-Եթե պետք է Մայիս 28-ը հիշենք առանց դաս քաղելու, ուրեմն անիմաստ են այդ տոնակատարությունները, դրանք միայն գավաթներ դատարկելու առիթ են դառնում: Մայիս 28-ը, այո, դաս է եւ ոչ թե աղաղակելու առիթ, դաս, որով պետք է սովորել ինչպես պահել պետականությունը:
Իսկ երկիրը խոսքերով չեն պահում, այլ իմաստությամբ, դրա համար հարկավոր է հավաքական գիտակցություն, ազգային ոգի, նվիրվածություն, նաեւ պետք է ստեղծենք մեր ազգային ծրագիրը, եւ դրա ստեղծումը երբեք չպետք է վստահենք դոնկիխոտներին ու սանչոպանսաներին:
• ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/253869058087280?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել