2017թ. հունվարի 28-ից՝ բանակի 25-րդ տարեդարձի օրվանից հետո զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքներին միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճարի, ինչպես նաև նույն ծրագրի շրջանակներում կատարվելիք այլ շեշտակի վճարների տրամադրումը, ինչ խոսք, բավականին ողջունելի նախաձեռնություն էր, այդուհանդերձ, նախաձեռնության կյանքի կոչումը որոշակի մտորումների տեղիք տվեց:
Լուծելով կոնկրետ սոցիալական, մարդասիրական, ինչու չէ, նաև բարոյական խնդիր՝ պետությունը միաժամանակ այդ քայլով խոստովանեց, որ առաջիկա տարիների ընթացքում զինված ուժերում զոհերն անխուսափելի են լինելու, որի պատճառները, մեծ հաշվով, հայտնի են:
Բացի այդ՝ այսպիսի վճարների տրամադրումը զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ընտանիքներին օբյեկտիվորեն բանակի ներսում առաջ է բերելու սոցիալական այլ խնդիրներ:
Զինված ուժերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև շարքային կազմը թեև ընդունված է ասել, որ ներկայումս ստանում է մրցունակ աշխատավարձ, բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար արձանագրենք, որ իրենց կատարած առանձնահատուկ ծառայության դիմաց այն բավականին համեստ է, հետևաբար եթե պետությունն իրավացիորեն ստանձնում է այսպիսի առաքելություն՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին այս չափի ապահովագրական վճար վճարել, նախևառաջ պարտավոր է էլ ավելի մեծ քայլ կատարել՝ լուծելու կենդանի անձնակազմի արժանապատիվ բարեկեցության հարցը:
Ավելին՝ եթե չկարողացանք լուծել այս հարցը կամ փորձեցինք տնտեսումներ կատարել սպաների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցում, ստիպված ենք լինելու ավելի շատ գումարներ ներդնել ապահովագրական վճարների տրամադրման համար, քանի որ մարտունակ բանակի գրավականներից կարևորագույնն էլ սպայական կազմի ոչ միայն բարոյահոգեբանական, այլև սոցիալ-տնտեսական վիճակի բարվոք լինելու մեջ է:
Կարճ ասած՝ պետք է մտածել կենդանի անձնակազմի սոցիալ-տնտեսական վիճակի շեշտակի բարելավման մասին, իսկ ավելի պարզ՝ զինված ուժերի անձնակազմի աշխատավարձերը նույնպես պետք է շեշտակի բարձրանան, քանի որ որքան բարեկեցիկ լինի սպայական ու ենթասպայական կազմի վիճակը, նույնքան մարտունակ կլինի զինված ուժերը, իսկ որքան մարտունակ ու բարոյահոգեբանական առումով ուժեղ լինի բանակը, այնքան քիչ ապահովագրական վճար կուղղվի, այսինքն՝ ավելի քիչ զոհ կլինի…
Բանակում երբեք չպետք է գերիշխի «Գնա՛ մեռի, արի՝ սիրեմ» սկզբունքը: Ճիշտ հակառակը: Բանակում պետք է լոզունգ դառնա «Ապրիր, որ ապրեցնես» գաղափարը…
Գոնե ինձ համար, զոհված հերոսից բացի, կենդանի սպան ու կենդանի զինվորն էլ են ՀԵՐՈՍ…