Այս ամենի խնդիրները հասկանալու համար պետք է շատ խորքային ու մեծ նայել հարցին, և ոչ մի տեսակ «վաֆլիներ բաժանելով» իրավիճակ չես փրկի:
Ամբողջ հետխորհրդային երկրների երթևեկությունը կառուցված էր սպասարկելու սակավաթիվ մեքենաների ու կանոնակարգելու հենց քիչ երթևեկող, ոչ մի տեղ չշտապող, 30 կմ/ժ-ը չգերազանցող մեքենաների համար՝ իրենց վարորդներով: Դրա համար լրիվ նորմայի սահմաններում էր համարվում չունենալ հավասարազոր խաչմերուկներ։
Խաչմերուկները կառավարվում էին լուսարձակներով, իսկ դրանց բացակայության դեպքում համապատասխան նշաններով վարորդին հասկացնում էին՝ որ փողոցն է երկրորդական և որը՝ գլխավոր: Երկրորդական խաչմերուկից դեպի գլխավոր պողոտա մտնող յուրաքանչուր մեքենա պարտավոր էր զիջել գլխավորով ընթացող մեքենային, եթե տվյալ խաչմերուկը չէր կառավարվում լուսարձակով, կամ ինչ-ինչ պատճառով այն վթարվել էր:
21-րդ դար, Երևանյան խաչմերուկ: Այսօր մեքենաների քանակը Երևանում գերազանցում է նույն քաղաքում ապրող մարդկանց: Այսքան ծանրաբեռնված խաչմերուկներում ինչքան էլ փորձես մարդկանց տուգանել «վաֆլի տրորելու» համար, հարցը լուծում չի ստանալու: Չի ստանալու, քանզի, զիջելու մշակույթից զատ, չկա նաև հավասարազոր խաչմերուկներում վարորդի դրսևորվելու նորմալ կարգավորող օրենք: Այսպիսով՝ գլխավորով ընթացող վարորդը, իմանալով, որ ճանապարհն իրենն է, հանգիստ կարող է չզիջել, դեռ հետն էլ վրդովվել՝ համապատասխան ձայնային ազդանշան տալով ու սթրեսային և վթարային իրավիճակ ստեղծել խաչմերուկը հատող այլ մեքենաների համար։
Լուծում՝ կիրառել STOP նշաններ բոլոր հավասարազոր խաչմերուկներում, այսպիսով սովորեցնել վարորդներին հետևել պարզ գաղափարի՝ ով առաջինը հասավ STOP նշանին, նա էլ իրավունք է ստանում առաջինը հատել խաչմերուկը և ազատել այն։ Բարդ բան չկա, և շատ վաղուց կիրառվում է ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Բոլոր զեբրայապատ հետիոտնի անցումներից առաջ փոքր փողոցներում, դպրոցների, մանկապարտեզներով հարուստ թաղամասերում նույնպես կիրառել այդ ազդանշանը և գետնից թեթև բարձրացող թմբերով կառավարել մեքենաների արագությունները։
Հավաստիացնում եմ ձեզ՝ մարդիկ շատ ավելի բարի են, քան ձեզ թվում է, պարզապես պետք է համապատասխան միջավայր ստեղծել դրա համար։
Լուսանկարը՝ Artem Kharazyan-ի էջից