ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այս պահին շատ կարևոր է մեզ համար, ու մենք պետք է փորձենք ձեռքներիցս բաց չթողնել այդ պաշտոնը։ Նոյեմբերի 8-ին կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպում, որտեղ էլ կորոշվեն, թե ով է լինելու նոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, քանի որ Հայաստանի ներկայացուցիչ, արդեն նախկին գլխավոր քարտուղար Յու․ Խաչատուրովն ազատվեց այդ պաշտոնից։ Սակայն Խաչատուրովը չհասցրեց պաշտոնավարել մինչև սահմանված ժամկետի վերջը՝ 3 տարի, այդ իսկ պատճառով հայկական կողմը կարող է պահանջել, որպեսզի նոր քարտուղարը շարունակի պաշտոնավարել մինչ ժամկետի ավարտը։

Պետք է հաշվի առնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի վրա հիմա աչքեր կան, որոնք փորձելու են ամեն գնով իրենցով անել դա։ Հատկապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, ով իր հերթին հանդիսանում է Բաքվի բարձրագույն ռազմական ակադեմիայի սան։

Հատկապես Արցախի հարցի պարագայում մի կողմից Բաքվում ուսում ստացած գործիչը, մյուս կողմից՝ Բելառուսը ընդհանրապես այս պահին հարմար տարբերակներ չեն։ Լուկաշենկոն ամեն գնով փորձում է ներկայացնել, որ ինքը չեզոք դիրքում է գտնվում Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերում, սակայն պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական կողմի հետ ավելի շատ կապվածություն ունի, քան հայկական կողմի։ Եթե Հայաստանի պարագայում սահմանափակվում ենք Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ լինելու գործոնով, ապա Ադրբեջանի հետ առկա են բիզնես համագործակցություններ, այդ թվում՝ նաև ռազմական հարթակում։

Հայաստանն ամեն գնով պետք է թույլ չտա, որ այս շրջանում մենք կորցնենք այդ կազմակերպության քարտուղարի պաշտոնը։ Դեռ շատ հարցերում դա մեզ կօգնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել