Զինված ուժերում զինծառայողների միջև տեղի ունեցող բռնության դեպքերը կամ, առհասարակ, որևէ ոչ ֆորմալ ու օրենքից դուրս ազդեցության փաստ ինքնին մարտահրավեր է Զինված ուժերի մարտունակությանը: Այսպիսի բացասական վարքագիծը, գոնե իմ համոզմամբ, պետք է ընկալվի որպես ահազանգ և բանակին նետված սպառնալիք:
Նշված իրողությունն իր ուղղակի ազդեցությունն է թողնում նաև հասարակական տրամադրությունների վրա՝ բանակի նկատմամբ երբեմն ձևավորելով ոչ միանշանակ կարծիք:
Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել արմատական քայլեր, այդ թվում՝ կրթական, դաստիարակչական, հոգեբանական, զորքերում ծեծն ու բռնությունը, մեկը մյուսի նկատմամբ շատ հաճախ կատարվող վիրավորանքը, հայհոյանքն ու նվաստացումներն իսպառ վերացնելու համար:
Այս առումով առավել քան կարևոր է առավելագույնս պահպանել զինծառայողների իրավունքները՝ վերից վար, գեներալից մինչև շարքային:
Գոնե իմ պատկերացմամբ՝ ցանկացած զինծառայողի համար պետք է հասանելի ու մատչելի լինի բողոքարկման իրավունքը, որը ներկայումս բավականին խնդրահարույց է:
Բացի կաղապարված պատկերացումներից՝ կան նաև արհեստական խոչընդոտներ այս խնդիրը լուծելու համար:
Մեզ կրթված և ինտելեկտուալ բանակ է պետք՝ հայրենիքի և պետության առջև ծառացած խնդիրները և իրենց առաքելությունը պատվով կատարելու համար...