Ոչինչ այնպես չի ամբողջացնում մարդու կերպարը, որքան նրա մահը:
Յուրի Վարդանյանի մարզական սխրանքների մասին գիտեն բոլորը: Նա իր, նաև իմ սերնդակիցների համար կուռք էր, անգերազանցելի օլիմպիական չեմպիոն, գերմարդ, դյուցազուն, մերօրյա Սասունցի Դավիթ, ազգային հպարտության ու պարծանքի աղբյուր:
Հետո եկան այլ ժամանակներ, Հայաստանն անկախացավ, Յուրան արդեն թողել էր մեծ սպորտը: Այդ ժամանակներն արդեն իրենց հերոսներն ունեին, իրենց բարքերը: Յուրան ու երեկվա շատ հերոսներ այդ շարքում արդեն չկային: Նա էլ, տասնյակ հազարավորների նման, չհարմարվեց, հեռացավ Հայաստանից՝ գտնելու մի միջավայր, որտեղ ինքը դեռ երեկվա հերոսն էր, երեկվա Յուրի Վարդանյանն էր:
Կարեն Դեմիրճյանի վերադարձը մեծ քաղաքականություն 1998 թ. Յուրային ևս պատուհան թվաց վերագտնելու ինքն իրեն, իր նախկին փառքը, իր ընկալումը, վերադառնալու իր ժամանակները: Չստացվեց: Փոխարենը, քաղաքական ցիկլի ավարտին Յուրան ինքն իրեն գտավ արդեն քաղաքական հորձանուտի կենտրոնում: Կարեն Դեմիրճյանի եղերական մահվամբ Յուրան, իր կամքից անկախ, դարձավ հայաստանյան նոր իշխանությունների մոլի քննադատը՝ ապրելով Լոս Անջելեսում: Երեկվա լեգենդար մարզիկին սկսեցին ավելի հաճախ հիշել իր քաղաքական պահվածքի համատեքստում:
Հետո եկան մի փոքր այլ ժամանակներ: Յուրային Հայաստանում դեռ շատ հիշողներ կային, նաև շատերը, ովքեր ինձ նման ափսոսում էին, որ մեծ մարզիկը շարունակում էր ապրել հայրենիքից դուրս:
2009 թ. հունվարի 1-ին մեկնեցի Լոս Անջելես: Նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ Լոս Անջելեսում հյուրընկալվեցի Յուրի Վարդանյանին՝ իր տանը: Լոս Անջելեսում բնակվող ավանդական գյումրեցու ընտանիք: Մեծուփոքրով սեղան նստեցինք, Յուրայի ծնողները հիշեցին իմ ծննդավայրի ու հորս հետ իրենց ունեցած կապերի ու այցելությունների մասին: Խոսեցինք ամեն ինչից, Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության, դրանց անփուսափելիության մասին: Խոսակցությունը կամաց-կամաց հանգում էր հիմնական ասելիքին՝ Յուր՛, ճիշտը քո վերադարձն է Հայաստան:
Հետո եղան հեռախոսազրույցներ, հանդիպումներ նաև Նախագահ Սարգսյանի հետ: Ի վերջո՝ օլիմպիական չեմպիոնը վերադարձավ Հայաստան: Անչափ ուրախ էի: Բայցև զգում էի, որ վերադարձողն արդեն իր կամքից անկած քաղաքական թոհուբոհի միջով անցած երեկվա մեծ մարզիկն էր, ով բարեկամներից բացի արդեն ուներ նաև քննադատներ:
Հետո եղան նշանակումներ՝ նախարար, խորհրդական, դեսպան: Սկզբում Յուրան ուրախ էր: Ինքս իմ մեջ ունեի ափսոսանքի շատ մեծ զգացում: Քաղաքականությունն ու պետական բարձր պաշտոնը ջարդում, ջլատում, բաժանում է հանրային կարծիքը մարդկանց մասին: Ժողովուրդներին պետք են հեղինակություններ, որոնք բոլոր պայմանականություններից դուրս են, դրանից վեր են: Դա է նաև եկեցեղու, մշակույթի, գիտության, արվեստի, սպորտի գործիչների ուժը: Յուրան ոչ պետական չինովնիկ էր, ոչ էլ դիվանագետ: Երբեք էլ չէր դառնալու: Ու դրա համար էր նաև, որ չափազանց ծանր էր տանում մամուլի յուրաքանչյուր քննադատություն կամ հրապարակում: Նա երեկվա հերոսն էր, լեգենդը, ով ուղղակի ձգտում էր վերագտնել իր երեկվա փառքն ու ճանաչումը՝ երևի չցանկանալով համակերպվել այն մտքի հետ, որ պետական պաշտոն զբաղեցնելը դրա ամենաճիշտ ճանապարհը չէր, և որ ամեն ժամանակ իր հերոսներն ունի ու որ դա էլ կյանքի բնական ու դաժան օրենք է:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Սարգսյանի հետ 2009 թ. հանդիպումներից մեկի ժամանակ մի ուշագրավ դեպք պատմեց: Ես ևս ներկա էի այդ հանդիպմանը: Նա ասաց, որ 1980 թ., ոգևորված մոսկովյան օլիմպիական խաղերի ժամանակ Յուրի Վարդանյանի ցույց տված գերմարդկային արդյունքներից, պետերբուրգյան իր ընկերներով որոշել են զբաղվել ծանրամարտով, թեև անհաջող: Ասաց, որ Յուրան իրենց բոլորի ոգոշնչման աղբյուրն էր, իր սերնդակիցների հերոսը:
Հետագայում, երբ ռուսական հեռուստաալքիներից մեկը Յուրայի մասին ֆիլմ էր պատրաստում, իմ նախկին գործընկեր, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Ն. Տիմակովայի միջոցով ամեն ինչ արեցի, որ նույն պատմությունը ՌԴ նախկին նախագահը պատմի Յուրային նվիրված այդ ֆիլմի համար: Ստացվեց: Բայց Յուրայի մաշեցնող հիվանդությունը ամեն բան հանեց օրակարգից:
Հանգչիր խաղաղությամբ, մե՛ծ մարզիկ: