Հրաչ Մարտիրոսյանի նոր ակնարկը` ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԴԻՑՈՒՀԻՆ ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ԴԻՑԱՐԱՆՈՒՄ 

Ստորև տեղադրում եմ տեքստը ՖԲ չունեցող ընկերներիս համար:

1. Հնդեվրոպական դիցարանից ժառանգած հնագույն հայկական դիցանունները հայերենում հիմնականում կորել են կամ փոխարինվել իրանական ծագման դիցանուններով, ընդ որում հաճախ կատարվել է ոչ թե աստվածության ամբողջական փոխարինում, այլ ընդամենը` անվան: Ագաթանգեղոսի և այլոց վկայությունների շնորհիվ գիտենք նախաքրիստոնեական պաշտոնական դիցարանի աստվածությունների անունները (Անահիտ, Միհր, Վահագն ևն), որոնցից բնիկ հայկական է միայն Աստղիկը: Պաշտոնական դիցարարանին զուգընթաց, սակայն, հասարակ ժողովրդի մեջ շարունակում էին գոյատևել դիցաբանական այլ պերսոնաժներ, որոնք աստվածներից վերածվել էին ջրահարսերի, քաջքերի, ոգիների ևն: Երբեմն հին աստվածությունները վերապրում են քրիստոնեական որևէ սրբի անվան տակ:

Այս դիցանունների մեջ կան այնպիսիք, որոնք բնիկ հայկական են կամ հայակազմ` Աստղիկ, Արեգ, Գրող, Թուխպ, Լուսին, Որոտիկ, Շանթ և այլն: Սրանք մատենագրության մեջ ավանդված չեն, քանի որ սրանք բոլորը, բացառությամբ Աստղիկի, դուրս են մնացել նախաքրիստոնեական Հայաստանի պաշտոնական դիցարանից կամ այնտեղ ներմուծվել են իրանական դիցանունների տակ ծպտված, իսկ իրենց բուն անունները գործածությունից դուրս են մղվել կամ անցել են ավելի ցածր դասի պերսոնաժների:

Բնիկ լինելով հանդերձ` այս դիցանունները չեն կարող համարվել հնդեվրոպական դիցանվանական ժառանգություն, քանի որ նրանց անվանումները կերտվել են հայերենի հողի վրա և չունեն վստահելի ցեղակից ձևեր հնդեվրոպական մյուս լեզուներում: Զգալիորեն հին պետք է լինեն Աստղիկն ու Արեւ/Արեգը, հատկապես վերջինս, քանի որ նրա միակ ցեղակիցը` սանսկրիտ ravi-ն, նույնպես, ‘արև’-ից բացի, նշանակում է ‘Արևի աստված’: Սակայն ուղղակիորեն մայր հնդեվրոպական դիցարանից ժառանգած դիցանուններ գրեթե չունենք, եթե չհաշվենք *Dieus / *Տիւ դիցանվան որոշ վարկածային մնացուկներ:

Այս ակնարկում կփորձեմ ցույց տալ, որ մի այդպիսի հնագույն դիցանվան հետք այնումենայնիվ մնացել է: Դա հնդեվրոպական դիցարանի Արշալույսի աստվածության անունն է, որ, ըստ իմ մեկնության, պահպանվել է Վան-Մոկս տարածաշրջանի բանահյուսության մեջ:

2. Վանի ու Մոկսի տարածաշրջանում մի շարք բանահավաքներ գրանցել են մի խիստ ուշագրավ հարսանեկան ծես: Հարսանիքի հաջորդ (կամ երրորդ) օրվա առավոտյան նորապսակները, երաժիշտները, ազապները և որոշ այլ հարսնևորներ, երբեմն նաև քահանան, արևածագից առաջ բարձրանում էին տանիքը և արևածագը դիմավորում «Էգ, բարև» երգով, զուռնայի նվագակցությամբ ու պարով, որպեսզի արևն իր նորածագ ճառագայթներով արևշատություն ու կանաչ-կտրիճ զավակներ պարգևի նորապսակներին: Երգն սկսվում էր այս տողերով.

Էգ, բարև, (այ) էգ, բարև,
Էգն արևուն տէր (var. տանք) բարև,
Մեր թաքվորին շատ արև, և այլն:

Աճառյանը և մյուսներն իրավացիորեն այս էգ բառը մեկնաբանել են որպես հայերեն այգ «առավոտ» բառի օրինաչափ արտացոլում: Սա, անկասկած, հին տեքստ է, քանի որ այս արմատը բարբառներում անկախաբար վկայված չէ. հանդես է գալիս միայն որոշ բառերի կազմում` էքուց «վաղը, լուսաբացին» (< այգ-ուց), էքնահող «թաղման հաջորդ օրվա ծեսը» (*այգ-ա-հող), իքնարօտ ‘լուսաբացից առաջ նախիրն արոտավայր տանելը’ (*այգ-արօտ) ևն:

Հայերեն այգ «առավոտ» բառը բնիկ հայկական ծագում ունի: Սերում է հնդեվր. *au̯sos- > վաղնջահայ. *aw(h)- «արշալույս» արմատից և այդպիսով ցեղակից է սանսկր. uṣás , հուն. ἕως, αὔως, լատ. aurōra բառերին, բոլորը` «առավոտ, արշալույս» նշանակությամբ իգական սեռի գոյականներ: Հայերեն բառը, ամենայն հավանականությամբ, արտացոլում է հնդեվրոպական ներգոյական հոլովի (locative) քարացուկը` *aw(h)i̯o > այգ: Իսկ պարզական *աւ- արմատը հավանաբար պահպանվել է առ-աւ-աւտ «առավոտ» բառի կազմում:

Հնչյունական որևէ դժվարություն չկա: Հիշենք, որ հնդեվրոպական *-u̯- հնչույթը հայերենում տալիս է գ, օրինակ` հնդեվր. *u̯(e/o)in(y)o- > գինի, *dayu̯er- (հմմտ. ռուս. деверь «տեգր», սանսկր. devár- և այլն) > տայգր/տագր «տեգր, ամուսնու եղբայրը», *dr̥u̯- «փայտ» > տարգալ «(փայտե) գդալ» (հմմտ. նույն արմատից` հին եկղց. սլավ. drъva n. pl. «փայտ», սանսկր. dárvi և darvī́ f. «գդալ» և հատկապես խեթ. GIŠtaru̯-āli- «սանդ»), արեւ-ի կողքին հին սեռականի արեգ- ձևը այլն: Միանգամայն օրինաչափ է նաև *-s- հնչյունի անկումը հայերենում: Հետևաբար *au̯s-i-o- > *aw(h)i̯o > այգ զարգացումը հնչյունապես միանգամայն օրինաչափ է: 

Ամենաուշագրավն այն է, որ այս հնդեվրոպական *au̯sos- «արշալույս» արմատի վեդայական, հունական, լատինական և բալթիկ-սլավոնական ժառանգները հանդես են գալիս նաև որպես Արշալույսի (հիմնականում` իգական) աստվածության անվանումներ` վեդայական Uṣás , հուն. ἕως, լատ. Aurōra և այլն: Սա հնարավորություն է տալիս այդ նույն արմատի ժառանգ այգ «առավոտ» բառն արտացոլող *Այգ (> էք) դիցանունը դիտարկելու որպես ժառանգություն համահնդեվրոպական դիցարանից:

3. Արշալույսի դիցուհու կերպարը, որ, ըստ այս մեկնության, հայկական հնագույն դիցարանում ունեցել է *Այգ անունը, հետագայում համադրվել է և իգական այլ դիցանունների հետ: Հայոց դիցարանի կարևորագույն աստվածություններից մեկը Աստղիկն է` սիրո և պտղաբերության դիցուհին, որի անունը ածանցված է բնիկ հայկական աստղ (< *h2ster «աստղ») բառից և արտացոլում է նրա առնչությունը Արշալույսի աստղի` Արուսեակ / Լուսաստղ-ի հետ, որը հիմա հայտնի է որպես Վեներա մոլորակ: Այս առնչությունը հանդիպում է մի շարք հնագույն մշակույթներում, մասնավորապես` սեմականում (Իշտար, Աստարտե ևն) և իրանականում (Արդվիսուրա Անահիտա):

Հնագույն հայկական Աստղիկ դիցուհին ավելի ուշ` իրանական ազդեցության շրջանում, համադրվել է ջրերի ու Վեներա մոլորակի դիցուհու` Անահիտայի հետ, ձեռք է բերել նրա անունը` Անահիտ, և այս անվամբ հայոց պաշտոնական դիցարանում ձևավորվել է որպես առանձին աստվածուհի:
Ժողովրդական բանահյուսության մեջ ևս ունենք այս դիցուհու կերպարի մի հետաքրքիր արտացոլում, թեև, ցավոք, առանց դիցանվան վկայության: Արճակի լճում ապրում էր մի հրեղեն ջրահարս, որի ճակատին վառման աստղ կա, և որի աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով, իսկ նրա ձայնը անուշ կլինի, երգը՝ դյութող: Ուշագրավ է, որ Արճակը, ըստ տեղացիների հավատալիքների, արար-աշխըրքի ծովերաց ծնող մերն ի, ինոր մեչտեղ անտակ ախպուր կա, արար-աշխրքի ծովերաց մեչ կերթա էտը ախպրի ճրից:

4. Որպես արքայական փառք/ֆառնի հովանավոր դիցուհի` Անահիտը, որի պաշտամունքը հատկապես ուժեղ էր Բարձր Հայքում, կարող էր նաև որևէ կերպ առնչվել Հանի / Անի-Կամախ սրբավայրի հետ (թեև այստեղ նրան նվիրված տաճարի վերաբերյալ պատմական տեղեկություն չունենք), որտեղ արքայական դամբարանն էր, փառք/ ֆառնի հայտնի զետեղարանը: Գայթակղիչ է այս տեղանունը բխեցնել վաղնջահայկական *Հանի «Մեծ մայր» չվկայված դիցանունից, հմմտ. հայ. հան(ի) «տատ», որը սերում է հնդեվր. *Han i(H) «տատ, մեծ կին» նախաձևից, հմմտ. հուն. ἀννίς «տատ», լատ. anus «ծեր կին», լիտվ. anýta «ամուսնու մայրը», խեթ. ḫanna «տատ» և հատկապես Ḫannaḫanna «մայր դիցուհի»: Իրանական ազդեցության շրջանում այս *Հանի անունը հեշտությամբ կարող էր փոխարինվել Անահիտ նմանահունչ համարժեքով:

Արշալույսի աստղի (Վեներայի) հետ զուգորդումը պայմանավորում է նաև Անահիտ/Աստղիկի առնչությունը բարեբերության խորհրդանիշի հետ, որին կարող ենք տալ իրանական ավանդույթից հայտնի ֆառն անվանումը, հմմտ. ավեստ. xwarənah, որի միջին իրանական farr տարբերակից հայերենը փոխառել է փառ-ք բառը (հմմտ. նաև թշ-ուառ): Այս կապակցությամբ մեր խնդրի համար հատկանշական են հետևյալ հանգամանքները. 1) ավեստ. xwarənah-ը հանդես է գալիս հնդեվրոպական «Կրակ/Ֆառնը ջրի մեջ» առասպելույթի համատեքստում. 2) Ագաթանգեղոսի հայտնի վկայության (§ 53) համաձայն Անահիտը մեր ազգի փառքն ու կենսատուն է, պաշտվում է բոլոր թագավորների կողմից (որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամենայն պատուեն) և է մայր ամենայն զգաստութեանց:
Ագաթանգեղոսից իմանում ենք, որ նրանով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց, և նրանից ակնկալել են խնամակալութիւն (§§ 68, 127): Նրան անվանել են Ոսկեմայր, Ոսկեծին ու Ոսկեհատ (Ագաթանգեղոս § 809), և նրան նվիրաբերվել են պսակս և թաւ ոստս ծառոց (Ագաթանգեղոս § 49), ինչպես նաև ճակատին աստղանշան ունեցող երինջներ:

5. Այսպիսով` Արշալույսի ու բարեբերության դիցուհին հայոց հնագույն դիցարանի տարբեր ժամանակագրական փուլերում արտացոլված է տարբեր անուններով ու դրսևորումներով.
Ա) հնագույն` հնդեվրոպականից ժառանգված փուլում` *Այգ,
Բ) հետագա` բնիկ հայկական ինքնուրույն զարգացման փուլում` Աստղիկ,
Գ) իրանական ազդեցության փուլում` Անահիտ (հելլենիստական համարժեք` Արտեմիս),
Դ) քրստոնեական փուլում համադրվել է Մարիամ Աստվածածնի հետ,
Ե) մեր ժամանակների ազգագրության մեջ` ճակատին վառման աստղ ունեցող ջրահարս (Արճակում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել