Հունաստան-Թուրքիա հարաբերություններում կան բազմաթիվ կնճռոտ հարցեր՝ սկսած Էգեյան ծովի մանր կղզիների հանդեպ վերահսկողության խնդրից մինչև Հունաստանում թուրք բնակչության ինքնավարության խնդիրներ։ Սակայն, իմ կարծիքով, դրանք այս պահին հետին պլան են մղվում, քանի որ առաջացել է մի նոր խնդիր, որը կապված է շատ ավելի նյութական հարցի հետ։
Ինչպես հայտնի է, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան հատվածում՝ Կիպրոսի ափերի մոտ, առկա են բնական գազի բավական մեծ պաշարներ։ Բնականաբար, այդ պաշարների հանդեպ հավակնություններ ունեն թե՛ կիպրոսցի հույները (իմա՝ Հունաստանը), թե՛ թուրքերը և թե՛ Իսրայելը։ Դատելով վերջին տարիների զարգացումներից՝ Իսրայելն ու Կիպրոսը կարծես թե կարողացել են որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել այս հարցում, մինչդեռ թուրքերը որևէ կերպ չեն պատրաստվում զիջել գազի արդյունահանման այդքան մոտ գտնվող հնարավորությունը։ Այս պատճառով էլ կողմերը պարբերաբար միմյանց սպառնում են, իսկ Միջերկրականի այդ հատվածում ռազմական լարվածության հավանականությունը՝ մեծանում։
Վերջին նմանատիպ լարվածության արտահայտիչ կարելի է համարել երեկ (հոկտեմբերի 31-ին) Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի այն հայտարարությունը, որ եթե Հունաստանը, Կիպրոսի հույները և Եգիպտոսը միասնական քայլեր ձեռնարկեն Կիպրոսի մոտ գտնվող 7-րդ ծովային բլոկում գազային երկրաբանահետախուզական աշխատանքներ, ապա Թուրքիայի զինված ուժերը կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը խոսնակի պնդմամբ Թուրքիայի «ծովային տարածքի» ամբողջականությունը պահպանելու համար։